Հայաստանում մեկնարկել են Ֆրանսիայի օրերը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Երեւանում մեկնարկեցին Ֆրանսիայի օրերը Հայաստանում: Ինչպես երկուշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության նախարար Հասմիկ Պողոսյանը, բազմաթիվ միջոցառումների անցկացումը Հայաստանում Ֆրանսիայի օրերի շրջանակում ընդլայնում է հայ-ֆրանսիական մշակութային կապերի ձեւաչափը: Ինչպես ընդգծել է Հ.Պողոսյանը, պատահական չէ, որ Ֆրանսիայի օրերի մեկնարկը նշանավորել են Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսները: «Այդ թանգարանում ավանդաբար ցուցադրվում են այնպիսի հայ եւ ռուս նկարիչների գործեր, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Յաղուբովը, Երվանդ Քոչարը եւ Մարկ Շագալը, որոնց վարպետությունը ձեւավորվել է ֆրանսիական դպրոցի ազդեցության տակ»,-ասել է նա, հավելելով, որ պատկերասրահում ցուցադրված են նաեւ հայտնի ֆրանսիացի վարպետների գործեր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին նշել է, թե խորհրդանշական, է, որ Ֆրանսիայի օրերը Հայաստանում անցնում են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցից անմիջապես հետո: «Հայրենիք մեկնելուց առաջ Ժակ Շիրակը մեծ գոհունակություն է հայտնել Հայաստան իր այցելության վերաբերյալ, առանձնապես նշելով հայ ժողովրդի կողմից իր եւ պատվիրակության անդամների ջերմ ընդունելությունը»,-ասել է դեսպանը: Դիվանագետը նշել է, որ Երեւանում բացված Ֆրանսիայի հրապարակը, որը շրջապատված է թանգարաններով, համերգասրահով եւ երաժշտական հաստատություններով եւս մեկ անգամ հաստատում է հայ-ֆրանսիական համագործակցությունը մշակույթի եւ արվեստի ոլորտում:



Ա.Կյունիի խոսքերով, մեկ եւ կես ամսվա ընթացքում Հայաստանում կներկայացվեն ֆրանսիացի դասական եւ ավանգարդ ոճի նկարիչների եւ լուսանկարիչների աշխատանքները: «Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի համար առանձնապես արժեքավոր է Անտուան Գրոի «Բոնապարտը Արկոլի կամրջի վրա» գործը, որը բերվել է Լուվրից, ինչպես նաեւ Ժորժ Բրակի ստեղծագործությունները»,-պարզաբանել է նա: Այդ կապակցությամբ դեսպանը նշել է, որ Ֆրանսիայում տեղյակ են հայերի սիրո եւ հարգանքի մասին Նապոլեոնի անձի նկատմամբ, որը զարմանալի չէ: «Հավանաբար, Նապոլեոնը հայերի համար նույնացվում է մեր թվարկությունից առաջ 1 դարի հայ իշխանավորի` Տիգրան Մեծի հետ»,-նշել է նա:



Ֆրանսիայի օրերը Հայաստանում կտեւեն մինչեւ 2006 թվականի նոյեմբերի վերջը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մասնավորապես, շուրջ մեկ տասնյակ գեղանկարչական եւ լուսանկարչական ցուցահանդեսներ, մի քանի թատերական ներկայացումներ, ֆրանսիական ֆիլմերի փառատոն, դասական երաժշտության համերգ, ինչպես նաեւ նորաձեւության ցուցադրություն, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---