Պաշտոնական. Nokia-ն սմարթֆոնների շուկա կվերադառնա

Պաշտոնական. Nokia-ն սմարթֆոնների շուկա կվերադառնա

PanARMENIAN.Net - Դեռ 2015-ի ապրիլին տեղեկություններ տարածվեցին, որ Nokia-ն մտադիր է 2016-ին վերադառնալ սմարթֆոնների շուկա: Սակայն ընկերության ներկայացուցիչները շուտով հերքեցին հաղորդագրությունը: Nokia-ի բջջային բիզնեսը 2013-ին 5,4 մլրդ եվրոյով գնեց Microsoft ընկերությունը: Ըստ գործարքի, ֆիննական ընկերությանն արգելվեց օգտագործել Nokia բրենդը մինչև 2016-ի չորրորդ եռամսյակը: Microsoft-ն իր հերթին արդեն սկսել է հրաժարվել Nokia բրենդից Lumia սմարթֆոնների իր հիմնական շարքում, սակայն մինչ օրս օգտագործում է այն հեռախոսներում:

Նախորդ ֆինանսական տարում Microsoft-ն աշխատակիցների ամենամեծ կրճատումն իրականացրեց վերջին 5 տարում: Ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվեց 18000 մարդ, դա հիմնականում անդրադարձավ Nokia-ի անձնակազմի վրա: Հերթական դժվար որոշումը ընկերությունը կայացրեց վերջերս` հայտարարելով 7800 աշխատատեղերի կրճատման մասին և կրկին հարվածի տակ հայտնվեց Nokia-ն:

Այս որոշումը ստիպեց ֆիննական ընկերությանը վերջապես պաշտոնապես հաստատել սմարթֆոնների շուկա վերադառնալու պլանները: Վերջերս համապատասպան հայտարարություն հայտնվեց ընկերության պաշտոնական կայքում: Ընկերությունում նշում են, որ 14 տարի շարունակ Nokia-ն վստահաբար պահպանել է բջջային հեռախոսների արտադրության առաջատարի դիրքը, իսկ Nokia բրենդը` ճանաչում ստացել: Սակայն Devices & Services բաժանմունքի վաճառքը Microsoft-ին հանգեցրեց հսկայական արտադրական հզորությունների, մարքեթինգային և դիստրիբյուտորական կանալների կորստի, որոնք կենսական անհրաժեշտություն ունեն սմարթֆոնների արտադրության և վաճառքի համար:

«Մենք ձգտում ենք շարունակել զարգացնել մեր ուրույն դիզայնն ու նորարար տեխնոլոգիաները բջջային շուկայում զարմանալի արտադրանքի տեսքով, որը մարդ կարող է պահել իր ձեռքում: Սակայն մենք դա բոլորովին այլ կերպ կանենք»,-ասել է են ընկերությունում` հավելելով, որ Nokia-ն մտադիր է վերադառնալ շուկա իր արտադրանքի լիցենզավորման միջոցով: Այժմ ընկերությունը համաշխարհային մակարդակի գործընկեր է որոնում, որը կկարողանա իր վրա վերցնել սմարթֆոնների արտադրությունը, վաճառքը, մարքեթինգն ու գնորդների աջակցությունը:

«Եթե և երբ մենք կգտնենք նման գործընկեր, որը կկարողանա ստանձնել բոլոր այդ պարտավորությունները, մենք սերտ համագործակցություն կսկսենք նրա հետ` օգնելով տարանջատել դիզայնն ու տեխնոլոգիաները»,- նշել են ընկերությունում՝ հիշեցնելով, որ Nokia-ն կկարողանա վերադառնալ բջջային շուկա 2016-ի 4-րդ եռամսյակից ոչ շուտ:

Nokia-ն ֆիննական անդրազգային ընկերություն է, որը զբաղվում է բջջային, ֆիքսված և IP-ցանցերի համար հեռահաղորդակցային սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև HERE ծառայության մշակմամբ: Nokia-ի բաժնետոմսերը տեղաբաշխված են Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի և Հելսինկիի ֆոնդային բորսաներում: 2011-2012 թթ. Nokia-ն սկսեց գործակցել Microsoft-ի հետ, գործնականում հրաժարվելով Symbian սեփական օպերացիոն համակարգից ու MeeGo համակարգի զարգացումից` անցնելով Windows Phone-ի հարթակ: 2013-ի աշնանն ընկերությունը վաճառեց իր բջջային բիզնեսը Microsoft-ին 5,44 մլրդ եվրոյով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---