«Նոր հորիզոններ» զոնդը հսկայական սառցե լեռներ է հայտնաբերել Պլուտոնում

«Նոր հորիզոններ» զոնդը հսկայական սառցե լեռներ է հայտնաբերել Պլուտոնում

PanARMENIAN.Net - NASA-ի «Նոր հորիզոններ» միջմոլորակային ավտոմատ կայանը բարձր թողունակությամբ մի շարք լուսանկարներ է արել Պլուտոն գաճաճ մոլորակի հետ առավելագույն մերձեցման ժամանակ: Զոնդը 3,5 կմ առավելագույն բարձրությամբ սառցե լեռնաշղթա է հայտնաբերել, որը մոտ 100 մլն տարեկան է: Բացահայտումն արվել է պատկերի վերլուծության արդյունքում, որն ընդունվել է կայանից Պլուտոնի հետ առավելագույն մերձեցումից 1,5 ժամ առաջ, երբ զոնդը 77.000 կմ հեռավորությամբ էր մոլորակի մակերեսից:

Պատմական մոտեցումը Պլուտոնին տեղի է ունեցել հուլիսի 14-ին` Երևանի ժամանակով 15:49-ին: Այդ պահին սարքը գտնվում էր 12,5 կմ հեռավորության վրա մոլորակից: Հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 04:55-ին զոնդն առաջին տվյալներն ուղարկեց Երկիր Պլուտոնի հետ առավելագույն մերձեցումից հետո, որն ընթանում էր ռադիոլռության ռեժիմով:

Համեմատությունն Արեգակնային համակարգի տարիքի հետ (4,56 մլրդ տարի), ինչպես նաև հարվածային խառնարանների բացակայությունը մոտակայքում, որոնք կարող էին հանգեցնել լանդշաֆտի բնորոշ անհարթությունների ձևավորմանը, վկայում են, որ լեռները կազմավորվել են բնական երկրաբանական գործընթացների արդյունքում, որոնք, հավանաբար, դեռևս շարունակվում են Պլուտոնում:

Պլուտոնի սառցե լեռները

Նման եզրակացության են եկել գիտնականները, վերլուծելով գաճաճ մոլորակի այն հատվածի մեծացված պատկերը, որը գտնվում է Պլուտոնի «սրտի» ստորին մասում` զբաղեցնելով մակերեսի 1 տոկոսից փոքր տարածք: Ըստ հետազոտողների, թեև գաճաճ մոլորակի մակերեսը հիմնականում բաղկացած է մեթանային և ազոտային սառույցներից, հայտնաբերված լեռը, հավանաբար, մեծ քանակությամբ ջրային սառույց է պարունակում, որը ցածր ջերմաստիճանում ներկայանում է այնպես, ինչպես քարե ապարները երկրային ջերմաստիճանում:

Նախկինում աստղագետները կարծում էին, որ բարձր լեռները ոչ մեծ երկնային մարմինների վրա, մասնավորապես, հսկա մոլորակների արբանյակներում, առաջանում են ավելի խոշոր տիեզերական օբյեկտների հետ նրանց գրավիտացիոն փոխազդեցության արդյունքում: Քանի որ Պլուտոնի անմիջական հարևանությամբ այդպիսիք չկան, այդ մեխանիզմն այս դեպքում չի գործում: Նշանակում է, այն կարող է չաշխատել նաև այլ երկնային մարմինների դեպքում:

Տիեզերական կայանը փոխանցել է նաև Պլուտոնի արբանյակ Քարոնի նոր լուսանկարը, որն արվել է հուլիսի 13-ին 466 հազար կմ հեռավորությունից: «Մորդորի» մուգ հատվածն, ըստ NASA-ի ներկայացուցիչների, կարող է սև փոշու շերտ լինել, վկայելով Քարոնում երկրաբանական ակտիվության մասին, որը նախկինում մեռյալ էր համարվում:

Քարոնն ու մուգ բիծը

Քարոնը 1978 թ. հայտնաբերել է ամերիկացի աստղաֆիզիկոս Ջեյմս Քրիստին: Այն գտնվում է Պլուտոնից 19 640 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ համարվում էր, որ Քարոնը ծածկված է ջրային սառույցով և նրա մակերեսն ունի ավելի չեզոք գույն, քան Պլուտոնինը:

«Նոր հորիզոնները» ավտոմատ միջմոլորակային կայան է, որը գործարկվել է «Նոր սահմաններ» ծրագրի շրջանակում և նախատեսված է Պլուտոնի և նրա բնական արբանյակ Քարոնի ուսումնասիրության համար: Գործարկումն իրականացվել է 2006թ. հունվարի 19-ին, 2007-ին այն մոտեցել է Յուպիտերին, իսկ 2015-ին` Պլուտոնին: Պլուտոնի մոտով անցնելուց հետո սարքը, հնարավոր է, կուսումնասիրի նաև Կոյպերի գոտւ օբյեկտներից մեկը: «Նոր հորիզոններ» ծրագիրը հաշվարկված է 15-17 տարվա համար:

Պլուտոնը Արեգակնային համակարգի իններորդ մոլորակն է: Երկրից շատ հեռու է, և նրա մասին քիչ բան է հայտնի: Իր ուղեծրի ամենահեռավոր կետում նա Արեգակից հեռանում է 7 մլրդ կմ: Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ: Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---