Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցն է. Տուժածների քանակն աճում է մինչ օրս

Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցն է. Տուժածների քանակն աճում է մինչ օրս

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին լրացավ ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցը: 1945 թ. օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B -29 «Enola Gay» ռմբակոծիչը, որն այդպես էր անվանվել անձնակազմի հրամանատար, գնդապետ Փոլ Թիբեթսի մոր` էնոլա Գեյ Հագգարդի անունով, ատոմային ռումբ գցեց Հիրոսիմայի վրա: Ատոմային ռումբը, որը ստացել էր «Մանկիկ» անվանումը, հավասարազոր էր 13-18 կիլոտոննա տրոտիլի: 3 օր անց, 1945 թ. օգոստոսի 9-ին, ատոմային ռումբ («Հաստլիկը») գցվեց Նագասակի քաղաքի վրա: B-29 «Bockscar» ռմբակոծիչի օդաչուն էր Չարլզ Սուինին: Հիրոսիմայում զոհվեց 90-166 հազար մարդ,Նագասակիում` 60-80 հազար: Քանի որ ճառագայթված տարածքից մարդիկ չտարհանվեցին, տուժածների թիվն անընդհատ աճում է. 2013 թ. մարտի 23-ի տվյալներով, այն հասել է 450 հազարի` 286 818 Հիրոսիմայում և 162 083` Նագասակիում:

ԱՄՆ ատոմային ռմբակոծությունները շոկ առաջացրեցին Ճապոնիայի վարչապետ Կանտարո Սուձուկիի և ԱԳ նախարար Տոգո Սիեգնորիի մոտ, որոնք հակվեցին այն մտքին, որ Ճապոնիայի կառավարությունը պետք է դադարեցնի պատերազմը:

1945 թ. օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլացիայի մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող Կապիտուլացիայի մասին ակտը ստորագրվեց 1945 թ. սեպտեմբերի 2-ին:

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմաբակոծությունները միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակն են:

Օգոստոսի 6-ին Հիրոսիմայում լռության րոպե հայտարարվեց ի հիշատակ ռմբակոծությունների զոհերի, հայտնել է NHK-ն: Լռության րոպեն հայտարարվեց Տոկիոյի ժամանակով 08:15-ին` հենց այն պահին, երբ 1945-ին գցվել է ռումբը: Հիշատակի արարողությանը Հիրոսիմայում մասնակցել է մոտ 55 հազար մարդ, այդ թվում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Ըստ ՌԲԿ-ի, ԱՄՆ պետքարտուղարի միջազգային անվտանգության և սպառազինությունների վերահսկողության գծով տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը ևս մասնակցում է արարողությանը: Նա ԱՄՆ առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը կմասնակցի ամենամյա հիշատակի միջոցառումներին:

Մինչդեռ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը վստահ է, որ միջազգային տրիբունալ պետք է լինի Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության գծով:

Ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ռմբակոծությունների 70-ամյակին նվիրված միջոցառմանը` նա ասել է, որ միջազգային իրավաբանները, փիլիսոփաները, ռազմագիտության մասնագետները մինչ օրս բանավիճում են ատոմային զենքի կիրառման թույլատրելիության շուրջ:

«Մի բան աներկբա է. 45-ին ԱՄՆ ընտրած տարբերակը հիմնված չէր ոչ մարդասիրական նկատառումների, ոչ էլ ռազմական անհրաժեշտության վրա»,-ասել է Նարիշկինը, որը գլխավորում է Ռուսաստանի պատմական ընկերակցությունը:

Նշելով, որ այն ժամանակ «ճապոնական ռազմական մեքենան բազում ոճրագործություններ էր կատարել Չինաստանի, Կորեայի և Ասիայի այլ երկրների բնակչության դեմ», Նարիշկինը հիշեցրել է, որ «դրան մարդկությունը քաղաքակիրթ պատասխան տվեց` Տոկիոյի և Խաբարովսկի տրիբունալների որոշումներով»: «Սակայն Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքացիական բնակչությունը ոչ մի կապ չուներ այդ հանցագործությունների հետ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, ըստ «Sputnik. Կարծիքներ»-ի հարցման, որն անցկացրել է Ճապոնիայում Populus ընկերությունը միջազգային տեղեկատվական գործակալության և Sputnik ռադիոյի համար, հարցման մասնակից ճապոնացիների մեծամասնությունը` 61 %-ը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է ներողություն հայցի ռմբակոծությունների համար, իսկ 74 %-ը կարծում է, որ դրանք չի կարելի արդարացնել պատերազմով, քանի որ բազմաթիվ քաղաքացիական անձինք են տուժել: Միայն 11 %-ն է կարծում, որ ներողություն խնդրելը պարտադիր չէ: Գրեթե 30 %-ը չի կարողացել պատասխանել հարցին, կասկածողների քանակը հատկապես մեծ է երիտասարդների շրջանում` 18-24 տարեկան: Այս տարիքի հարցման մասնակիցների 40 %-ը դժվարացել է պատասխանել հարցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---