Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի հավաքը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը, մասնավորապես, ներկա են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետական» կուսակցությունների, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչներ, ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, հայտնում է «Ազատությունը»։

Ներկայացնելով, թե ինչպես է ձևավորվել շարժումը և ինչն է այժմ իրենց նպատակը՝ Բագրատ սրբազանը պնդել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը մեկն է՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա շեշտել է կա՛մ Փաշինյանը պետք է հեռանա, կա՛մ հեռացվի։

Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները կարողացել են ներկա գտնվել հանդիպման առաջին հատվածին միայն․Հայրիկյանի հարցից հետո, թե ի՞նչ գործնական դրսևորումներ է ունենալու շարժումը Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար՝ Բագրատ սրբազանն առաջարկեց անցնել փակ ձևաչափով քննարկմանը։

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասել էր, որ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը:

Մայիսի 17–ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասել էր, որ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը:

Հիշեցնելով, որ 2021-ին խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների միջոցով, որն էլ նշանակեց կառավարություն՝ Խանդանյանը շեշտել է՝ իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական, լեգիտիմ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։

Մայիսի 16–ին Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Բագրատ սրբազանը սահմանազատման հանձնաժողովների մայիսի 15–ի նիստը տխրահռչակ է անվանել և ընդգծել է, որ այն իրականացվել է մթության քողի տակ։Նա նշել է, որ ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։ Նա հայտարարել է բոլոր քաղաքական ուժերի հետ առաջիկա հանդիպումների մասին։

«Կրկնում եմ այլընտրանք չկա կա՛մ այսօր, կա՛մ երբեք։ Պետք է ազատագրենք մեր հայրենիքը ստորացումից, պարտադրանքից և ծաղրանքից»,– ասել է սրբազանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---