Nokia-ն ակտիվորեն պատրաստվում է սմարթֆոնների շուկա վերադառնալուն

Nokia-ն ակտիվորեն պատրաստվում է սմարթֆոնների շուկա վերադառնալուն

PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերությունն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում սմարթֆոնների շուկա վերադառնալու ուղղությամբ: Աղբյուրները հայտնում են, որ ընկերությունն արդեն տասնյակ թափուր տեղեր է բացել` ներառյալ ընկերության ապագա պրոդուկտներում օգտագործվելիք ծրագրային ապահովման Android-մշակողների թափուր տեղերը: Իսկ Nokia-ի ներքին աղբյուրները հայտնում են նոր հեռախոսների դիզայնի, ինչպես նաև առողջության և թվային նկարահանման համար նախատեսված գաջեթների ակտիվ մշակման մասին:

Դեռ 2015-ի ապրիլին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Nokia-ն մտադիր է վերադառնալ սմարթֆոնների շուկա 2016-ին: Սակայն ընկերության ներկայացուցիչները շուտով հերքեցին հաղորդագրությունը: Nokia-ի բջջային բիզնեսը 2013-ին 5,4 մլրդ եվրոյով գնեց Microsoft ընկերությունը: Ըստ գործարքի, ֆիննական ընկերությանն արգելվեց օգտագործել Nokia բրենդը մինչև 2016-ի չորրորդ եռամսյակը: Microsoft-ն իր հերթին արդեն սկսել է հրաժարվել Nokia բրենդից Lumia սմարթֆոնների իր հիմնական շարքում, սակայն մինչ օրս օգտագործում է այն հեռախոսներում: Nokia-ի տրամադրության տակ է մտավոր սեփականության աշխարհի խոշորագույն բազաներից մեկը, ներառյալ պատենտները, որոնք պահպանվել են Microsoft-ի հետ գործարքից հետո: Գնելով Alcatel-Lucent-ը` Nokia-ն իր թիմը կհամալրի բարձր որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետներով, ներառյալ 8 նոբելյան մրցանակակրի Bell Labs-ից:

Նախորդ ֆինանսական տարում Microsoft-ն աշխատակիցների ամենամեծ կրճատումն իրականացրեց վերջին 5 տարում: Ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվեց 18000 մարդ, դա հիմնականում անդրադարձավ Nokia-ի անձնակազմի վրա: Հերթական դժվար որոշումը ընկերությունը կայացրեց վերջերս` հայտարարելով 7800 աշխատատեղերի կրճատման մասին և կրկին հարվածի տակ հայտնվեց Nokia-ն:

Ընկերությունը մտադիր չէ կրկնել անցյալի սխալներն ու մտադիր է ակտիվորեն կիրառել իր բրենդի արտոնագրումը` այլ ընկերությունների վրա դնելով սմարթֆոնների արտադրության ու առաջ մղման ծախսերը: Անշուշտ, դա պակաս շահավետ է, քան տեխնիկան ինքնուրույն արտադրելն ու վաճառելը, սակայն ազատում է ընկերությանը մեծ ռիսկերից, կապված գաջեթների անհաջող վաճառքի հետ:

«Բրենդը արագ մոռացվում է, եթե այն չկա սպառողական բիզնեսում: Այն չի օգնի, եթե պրոդուկտը նման է շուկայում արդեն վաճառվողներին: Սակայն նոր և հետաքրքիր ինչ-որ բանի առկայության դեպքում հին ժառանգությունը կարող է օգտակար լինել»,-ասել է Nokia-ի նախկին ղեկավար, այժմ Լապպենրանտսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Անսսի Վանիոկին:

Nokia-ն ֆիննական անդրազգային ընկերություն է, որը զբաղվում է բջջային, ֆիքսված և IP-ցանցերի համար հեռահաղորդակցային սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև HERE ծառայության մշակմամբ: Nokia-ի բաժնետոմսերը տեղաբաշխված են Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի և Հելսինկիի ֆոնդային բորսաներում: 2011-2012 թթ. Nokia-ն սկսեց գործակցել Microsoft-ի հետ, գործնականում հրաժարվելով Symbian սեփական օպերացիոն համակարգից ու MeeGo համակարգի զարգացումից` անցնելով Windows Phone-ի հարթակ: 2013-ի աշնանն ընկերությունը վաճառեց իր բջջային բիզնեսը Microsoft-ին 5,44 մլրդ եվրոյով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---