ՄԱԿ-ը չի կարող ստուգել Իրաքում ԻՊ քիմգրոհների մասին հաղորդագրությունները

ՄԱԿ-ը չի կարող ստուգել Իրաքում ԻՊ քիմգրոհների մասին հաղորդագրությունները

PanARMENIAN.Net - ՄԱԿ քարտուղարությունը հետևում է Իրաքում քուրդ զինյալների դեմ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման հետ կապված իրավիճակին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նա նշել է, որ այս պահի դրությամբ ՄԱԿ-ը «չի կարող ինքնուրույն պարզել, թե հատկապես ինչ է տեղի ունեցել»: «Դա մի շրջան է, որտեղ ՄԱԿ-ը ներկայացված չէ, սակայն, անշուտշ, մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին»,-ասել է նա: «Մենք դատապարտում ենք և դեմ ենք քիմիական զենքի ցանկացած կիրառման քաղաքացիական կամ այլ անձանց դեմ»,-հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտներ էր The Wall Street Journal-ը, ԻՊ գրոհայինները, հավանաբար, իպրիտ են կիրառել քուրդ աշխարհազորայինների դեմ: Ըստ աղբյուրի ԱՄՆ վարչակազմում, «սա առաջին վկայությունն է, որ խմբավորման ձեռքում քիմիական զենք է հայտնվել»: Ենթադրվում է, որ իպրիտը կարող էր գրոհայինների ձեռքն ընկնել Սիրիայում, որի կառավարությունը 2013-ին համաձայնվեց ոչնչացնել մարտական թունավոր նյութերի բոլոր պաշարները:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հայտարարել է լրագրողներին, որ քիմզենքի կիրառման մասին տեղեկատվությունը ստուգման կարիք ունի: «Մենք պետք է ուսումնասիրենք այդ պնդումները, հավաքենք հանցանշանները, որոնք կհաջողվի գտնել»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մինչդեռ ավելի վաղ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է քիմիական զենք ստանալ: Հունիսին Իրաքի կառավարությունը հայտնեց, որ ԻՊ գրոհայիններն «իրենց հսկողության տակ են առել խոշոր մի ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել է որպես քիմզենքի պահեստ: Այն ժամանակ, իբր, այնտեղ թունավոր նյութերի պաշարներ չեն եղել:

ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

Քլորի գազով ականները գրոհայինները կարող էին հափշտակել նաև Սիրիայի տարածքում: Այդ զենքը ենթակա չէր Ասադի զանգվածային ոչնչացման զենքի արսենալի վերացման մասին համաձայնագրի գործողությանը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---