Հրաժարական է տվել Հունաստանի վարչապետը. Առաջին անգամ այդ պաշտոնը կին կստանձնի

Հրաժարական է տվել Հունաստանի վարչապետը. Առաջին անգամ այդ պաշտոնը կին կստանձնի

PanARMENIAN.Net - Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ուղերձով դիմել է ժողովրդին և հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախարարների կաբինետի հետ միասին: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակակությունը: «Ուղերձից անմիջապես հետո ես հրաժարական կտամ` իմ և կառավարության հրաժարականը»,-ասել է նա:

Ցիպրասը նման որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավարություն ունենալու համար: Ընտրությունները հավանական են արդեն սեպտեմբերի 20-ին:

Ըստ Ցիպրասի, ժողովուրդը պետք է որոշի, թե ով է բանակցելու պետպարտքի մարման շուրջ և ով է անցկացնելու արմատական բարեփոխումները: «Ճնշումը, շանտաժը, ֆինանսական ճնշումը, վերջնագրերն աննախադեպ իրավիճակ ստեղծեցին Հունաստանում: Հասարակությունն ուզում է, որ ամեն ինչ փոխվի: Մենք չհասանք մեր նպատակին և չստորագրեցինք այնպիսի համաձայնագիր, ինչպիսին ցանկանում էինք: Բայց մենք հասանք հնարավորից լավագույնին: Եվ այդ պայմանագիրը պետք է կատարվի»,-ասել է Ցիպրասը:

Ըստ նրա, կաբինետը ցանկանում է ամբողջական մանդատ ստանալ հույն ժողովրդից և կայուն կառավարություն ձևավորվել: «Ձեր ձայնը թույլ կտա որոշել, թե ով և ինչպես կարող է տանել Հունաստանը դժվարին, բայց հուսադրող ճանապարհով»,-ասել է նա հայտնում է russian.rt.com-ը:

Խորհրդարանում «Սիրիզա» կուսակցությունը ներկայացնող 40 պատգամավոր հրաժարվեց քվեարկել վարկատուներից €86 մլրդ օգնության երրորդ ծրագրի վավերացման օգտին: Դրան հաջորդեցին հաղորդագրությունները, որ Ցիպրասը խորհրդարանում կառավարությանը վստահության մասին հարց է բարձրացրել: Իշխող կուսակցության պառակտման հետևանքով մեկնաբանները սկսեցին խոսել սեպտեմբերին հավանական արտահերթ ընտրությունների մասին:

Մինչ ընտրությունների ավարտը կառավարությունը կգլխավորի Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Խրիստոֆիլուն: Առաջին անգամ վարչապետի պաշտոնը, թեկուզ ժամանակավոր, կին կստանձնի:

Նախօրեին Եվրոպական կայունացման մեխանիզմը որոշեց Հունաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Երկիրը 3 տարվա ընթացքում կստանա €86 մլրդ: Փոխարենը Աթենքը պետք է կատարի վարկատուների պայմանները` մի շարք տնտեսական բարեփոխումներ իրականացնի: €13 մլրդ Հունաստանը կստանա արդեն օգոստոսի 21-ին, ինչը թույլ կտա մարել պարտքի մի մասը:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Հունաստանն, իր հերթին պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար: Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնագիրն առաջիկա 2 օրերին, մյուս երկրների խորհրդարանները կկարողանան սեփական քվեարկությունը կազմակերպել այդ հարցի վերաբերյալ, հավելել է նա:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---