Էրդողանը կարգադրել է պատրաստվել արտահերթ ընտրություններին

Էրդողանը կարգադրել է պատրաստվել արտահերթ ընտրություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին կաբինետի նախարարների ձևավորման ճգնաժամի պայմաններում: Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

«Չնայած սահմանադրությամբ սահմանված ժամկետում կուսակցությունների միջև կայացած շփումներին և քննարկումներին, նախարարների կաբինետ չձևավորվեց, ներկա պայմաններում պարզ, է, որ այն չի կարող ձևավորվել: Ուստի, որոշում կայացվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին»,-ասվում է հայտարարության մեջ: Նախագահը, ինչպես նշում է աշխատակազմը, օգտվեց իր իրավունքից, որոնք նշված են գործող Սահմանադրության 104 և 116 հոդվածներում:

«Նա խորհրդակցել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Իսմեթ Յիլմազի հետ և որոշում է կայացրել նոր ընտրություններ անցկացնելու մասին»: Որոշումն ուժի մեջ է մտնում կառավարության պաշտոնական տեղեկատուում հայտարարության հրապարակումից անմիջապես հետո: Օգոստոսի 25-ին կայանալու է Էրդողանի հանդիպումն Ահմեդ Դավութօղլուի հետ, որը, ինչպես համարվում է, հավանաբար կստանա նախագահի մանդատը ժամանակավոր կառավարության ձևավորման համար, որը կգործի մինչև արտահերթ ընտրությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարեց երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացնելու մասին:

Օգոստոսի 17-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը չկարողացավ կոալիցիայի ստեղծման շուրջ համաձայնության հասնել Ազգայնական շարժման կուսակցության հետ, ինչն անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար:

Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կառավարության ձևավորման մանդատը վերադարձրեց նախագահ Էրդողանին: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա: «Այս պահին պատկերն այն է, որ կոալիցիա կազմելու ճանապարհ չի երևում: Ինձ հանձնարարված էր կոալիցիա ձևավորել, և ես ձեռքիցս եկած ամեն ինչ արեցի դրա համար»,-ասել է Դավութօղլուն:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ վարեց մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---