Ռ.Ռոբինսոն. Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը հասել է նշանակալի տնտեսական հաջողությունների

PanARMENIAN.Net - Այսօր խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին, որ ավարտում է իր առաքելությունը մեր երկրում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ.Ռոբինսոնը նշեց, որ չորսուկես տարվա ընթացքում մեր երկիրը հասել է տնտեսական լուրջ հաջողությունների եւ, որ պակաս կարեւոր չէ, կայուն զարգացման: Նրա խոսքերով, ցանկացած երկրի զարգացման համար կարեւորվում է երեք գործոնների առկայությունը` քաղաքական, տնտեսական ու սոցիալական: Ընդ որում նա նշել է, որ սովորաբար երբեք դրանք համաժամանակյա չեն դրսեւորվում. տնտեսական զարգացումը համարյա միշտ առաջ է անցնում, իսկ քաղաքական ու սոցիալական զարգացումների համար պահանջվում է ավելի տեւական ժամանակ, քանի որ փոխվում են մարդկանց մտածողությունն ու ընկալումները, պետության ու միմյանց հետ փոխհարաբերությունները: Համաշխարհային բանկը քաղաքականությանը չի խառնվում, բայց առաջիկա ընտրությունների հաջող ընթացքը կարեւոր է տնտեսական զարգացումները պահպանելու համար` նշեց Ռ.Ռոբինսոնը:



Իր հերթին Տիգրան Թորոսյանը նշեց, որ հետխորհրդային տարածքի երկրներում անկախության ձեռքբերման առաջին տարիներին կարեւորվում էին տնտեսական զարգացումները, բայց զարգացման տրամաբանական ընթացքը բերեց այն գիտակցության, որ հասարակական կյանքը եւս պետք է բարեփոխվի եւ երկրի հաջողությունը պայմանավորված է քաղաքական-հասարակական-տնտեսական բարեփոխումներով: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը գտնվում է զարգացման հետաքրքիր իրավիճակում եւ վստահություն հայտնեց, որ երկու-երեք տարում հասարակական կյանքի բարեփոխումներով հնարավոր է հաջողության հասնել եւ մարդկանց համար արժանապատիվ կյանքի լիարժեք հնարավորություններ ստեղծել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---