Պեսկով. «Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքները շարունակվում են, նախագահները քննարկել են նաև Սիրիայի հարցը

Պեսկով. «Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքները շարունակվում են, նախագահները քննարկել են նաև Սիրիայի հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում քննարկել են գազի թեման երկու երկրների միջև հարաբերություններում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Էրդողանը սեպտեմբերի 23-ին մեկօրյա աշխատանքային այց է կատարել Մոսկվա, որտեղ մասնակցել է մզկիթի բացման արարողությանը և բանակցություններ ունեցել Պուտինի հետ։

«Քննարկվել են նաև գազի հետ կապված հարցը: Օրակարգը ծավալուն էր: Գործերը մի փոքր դանդաղում են, քանի որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններ են նախատեսվում», - ասել է Պեսկովը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք հասնել որեւէ համաձայնության «Թուրքական հոսքի» իրականացման հարցում, մամուլի խոսնակը հայտնել է, որ «դրա շուրջ աշխատանքները շարունակվում են»:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցությունները սառեցվել են: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության խորհրդականի օգնական Սեֆա Սադըք Այթեքինը:

«Ռուսաստանի հետ բանակցությունները այս վիճակով մտել են փակուղի: Ռուսները «BOTAŞ»-ի և «Gazprom»-ի միջև զեղչի հետ կապված բանակցությունները դիտարկում են որպես «Թուրքական հոսք»-ի համար նախապայման: Մենք էլ դա դիտարկում ենք որպես մեկնակետ», - ասել է Այթեքինը:

Թուրք պաշտոնյան հավելել է, որ եթե ռուսական կողմը առանց նախապայմանի գնար զեղչի, ապա այժմ ավելի հուսադրող հանգրվանի հասած կլինեինք: Միաժամանակ նա նկատել է, որԹուրքիան բնական գազ գնելու ծավալներով Գերմանիայից հետո հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր գործընկերը:

Հանդիպմանը կողմերը անդրադարձել են նաև Սիրիայի հարցին. Էրդողանը հայտարել է, որ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն և Իրանը պետք է համագործակցեն սիրիական խնդրի լուծման հարցում:

«Ես չտեսա սիրիական խնդրի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման մեջ որոշակիություն։ Մեր արտգործնախարարները կրկին կաշխատեն այդ հարցի վերաբերյալ։ Նպատակահարմար է այդ աշխատանքում ներգրավել Իրանին և ԱՄՆ-ին։ Կարգավորման գործընթացը պետք է անցկացվի առանց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, սակայն նրան կարելի է ներգրավել անցումային շրջանում», - ասել է Թուրքիայի նախագահը, գրում է Tert.am-ը:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը կարող է խնդրել Մոսկվային, որպեսզի ՌԴ զինված ուժերը մասնակցեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, եթե նման անհրաժեշտություն լինի:

Ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Իսլամական պետության» դեմ գործողության մասին Դամասկոսի խնդրանքը, եթե վերջինս դիմի այդ հարցով: Սիրիայի ղեկավարության խնդրանքը, եթե այդպիսին լինի, որ Ռուսաստանի զինվորները սիրիացի զինվորականների հետ միասին մասնակցեն ռազմական գործողություններին, կդիտարկվի և կքննարկվի երկկողմ շփումների շրջանակում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարող է Սիրիային օգնել քաղաքական ազդեցությամբ, սպառազինության մատակարարումներով, բայց մտադիր չէ Սիրիա ուղարկել զինված ուժերի ստորաբաժանումներ: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ՀԱՊԿ նստաշրջանում Վլադիմիր Պուտինի՝ Սիրիային օգնելու համար կոալիցիա ստեղծելու վերաբերյալ խոսքերին:

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր 2000 ռուս զինծառայողների Լաթակիայի ավիաբազայում տեղակայման մասին: Ըստ աղբյուրների, Մոսկվան որոշել է Սիրիայում 28 ինքնաթիռ տեղակայել` 4 ՍՈւ-27 կործանիչ, ՍՈւ-24 12 ռազմաճակատային ռմբակոծիչ և ՍՈւ-25 12 ինքնաթիռ, ինչպես նաև մոտ 20 ռազմական և տրանսպորտային ինքնաթիռ: Times of Israel-ը հայտնում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում քննարկման թեմա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը:

Մինչդեռ Մոսկվան ու Թեհրանը հայտարարել են, որ մտադիր են միասին պայքարել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---