Գաղթականների հարցում պետք է այսօրվա իրականությունից ելնել, եւ «չդիմել» նախնիների գերեզմաններին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը, այլ չճանաչված պետությունների համեմատ, շահավետ իրավիճակում է գտնվում. այն ունի «անվտանգության գոտի» կամ «օկուպացված տարածքներ»: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքերով, ներկա ստատուս-քվոն դժվար թե հաջողվի առհավետ պահպանել. չափազանց զորեղ են դրա խախտման մեջ շահագրգռված ուժերը: «Ադրբեջանն իր հերթին արագորեն ֆինանսական, տնտեսական, ռազմական, ժողվրդագրական պաշարներ է հավաքում, եւ Հայաստանն իրավունք չունի դա հաշվի չառնել: Այդ պատճառով, ինչ-որ պահի պետք է լուրջ ընտրություն կատարել պատերազմի եւ փոխզիջման միջեւ: Դեռ կողմերից ոչ ոք այդպիսի քայլի պատրաստ չէ, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը պատրաստ չեն ոչ պատերազմի, ոչ փոխզիջման»,- նշել է նա:



Ռուս վերլուծաբանը գտնում է, որ հետագայում, կողմերի բարի կամքի դրսեւորման դեպքում, կարող է խոսք գնալ «խաղաղություն եւ կարգավիճակ տարածքների փոխարեն» բանաձեւի մասին, այսինքն անկախ Լեռնային Ղարաբաղի նոր սահմանների երկկողմանի որոշումը` հիմնված փոխզիջման վրա: «Ես հոյակապ հասկանում եմ, որ Լաչինի եւ Քելբաջարի հարցում Ստեփանակերտը փոխզիջման չի գնա, բայց ուրիշ շրջաններ եւս կան, որոնց ազատագրումն այնքան էլ բարդ չէ: Գաղթականների հարցում համաշխարհային պրակտիկայում հայտնի մոտեցումներ կան` կապված բնակչության փոխանակման, տարածքների փոխանակման, նյութական փոխհատուցման հետ: Գաղթականների ամբողջական վերադարձ ժամանակակից պատմությունը չգիտի: Այդ հարցում պետք է այսօրվա իրականությունից ելնել, եւ «չդիմել» նախնիների գերեզմաններին: Բարի կամքի առկայության եւ միջնորդների, հովանավոր-երկրների, միջազգային կազմակերպությունների աջակցության դեպքում արդեն մոտ տարիներս կարելի է բավականին լուրջ առաջխաղացում ունենալ հակամարտության հետեւանքների հաղթահարման գործում: Դա իհարկե չի նշանակում, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է կարգավորվել 2006 թվականին կամ, օրինակ, 2007 թվականին: Պետք է հասկանալ, որ ամեն դեպքում գործընթացը ավելի երկար կլինի: Բանակցությունները միշտ ավելի երկար ժամանակ են պահանջում, քան պատերազմը»,- ընդգծել է Ալեքսանդր Սկակովը:



Նա նաեւ նկատել է, որ կողմերը պետք է դադարեն պատմությանը դիմելուց, յուրաքանչյուր կողմն իր փաստարկներն ունի եւ որպեսզի ճշտենք` ով է նրանցից ճիշտ, պետք է ոչ միայն պատմաբան լինել, այլեւ տարածաշրջանի հարցով անաչառ մասնագետ լինել: «Դեռեւս այդ ամենը հիշեցնում է երկու խուլերի երկխոսություն, որը, ըստ էության, արդեն ոչ ոքի համար հետաքրքիր չէ: Ոչ ոք ոչ Արեւմուտքում, ոչ էլ Ռուսաստանում, չի պատրաստվում խորանալ այդ փաստարկների բնույթի մեջ, թեկուզ այն պատճառով, որ մեզ համար պատմությամբ ամրագրված էթնիկ իրավունքը տարածքի նկատմամբ, չի հանդիսանում ոչ բացարձակ, ոչ էլ անհրաժեշտ: Ելնելով հողի նկատամամբ էթնիկ իրավունքի տրամաբանությունից, Ռուսաստանը պետք է Ուկրաինայից պահանջի Ղրիմը, իսկ Արեւլյան Պրուսիան պետք է տա Գերմանիային: Նույն խնդիրն է նաեւ մյուս եվրոպական երկրների դեպքում, ԱՄՆ-ի մասին էլ չխոսենք, այդ պատճառով այստեղ ձեր տրամաբանությունը եւ ձեր փաստարկները դժվար թե ինչ-որ մեկը գնահատի: Նմանատիպ իրավիճակ է վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների դեպքում, այնտեղ եւս պատմական գործոնը հակամարտության կողմերից բացի, ոչ մեկին չի հուզում»,- ընդգծել է ՌՌՀԻ փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---