ԱՄՆ-ն և Թուրքիան «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»

ԱՄՆ-ն և Թուրքիան «մտավախություններ ունեն Սիրիայում ՌԴ գործողությունների վերաբերյալ»

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Ինչպես հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, կողմերը «քննարկել են գործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում, մտավախությունները Սիրիայում ՌԴ գործողությունների կապակցությամբ»: Բացի այդ, ըստ նրա, խոսք է գնացել «փախստականների հետ կապված ճգնաժամի, խոսքի ազատության և մի շարք տարածաշրջանային հարցերի մասին», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միևնույն ժամանակ Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում և հայտնել է, որ երկու երկրների զինվորականների միջև տեղի ունեցած բանակցություններն առաջին հերթին առնչվում էին ամերիկացի օդաչուների անվտանգությանը:

Հոկտմեբերի 1-ին տեսակոնֆերանս էր կազմակերպվել Պենտագոնի և ՌԴ ՊՆ միջև: Ռուսական կողմը ժխտում է, որ ՌԴ ավիացիայի գործողությունների արդյունքում նաև խաղաղ բնակիչներ են զոհվել: ՌԴ պաշտոնյաները պնդում են նաև, որ բոլոր խոցված թիրախներն անմիջական կապ ունեն ԻՊ հետ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում այն շրջաններին, որտեղ արձանագրված չէ «Իսլամական պետության» գրոհայինների զգալի ներկայություն, փոխարենը գործում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զինված հակառակորդները, որոնց սատարում է Արևմուտքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՌԴ ավիացիան ոչնչացրել է ԻՊ ահաբեկիչների կենտրոնակայանն ու զինամթերքի պահեստը սիրիական Իդլիբից ոչ հեռու: Սեպտեմբերի 30-ին ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն տվեց Սիրիայում ՌԴ ԶՈւ կիրառման մասին Վլադիմիր Պուտինի դիմումին, որից հետո ՌԴ օդուժը գործողություն սկսեց` կետային հարվածներ հասցնելով ԻՊ ահաբեկիչների դիրքերին Սիրիայում: Ռուսաստանը գործի է դնելու միայն ավիացիան` բացառելով ցամաքային գործողության հնարավորությունը և գործում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով:

ԱՄՆ-ն պատրաստ է ողջունել ՌԴ մասնակցությունը ԻՊ դեմ կոալիցիային, հոկտեմբերի 1-ին հայտարարեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

«Եթե Ռուսաստանն իրոք կենտրոնացած է ԻՊ դեմ պայքարի վրա, նրանք կարող են իրենց ավանդն ունենալ կոալիցիայում, որին արդեն 60 երկիր է անդամակցում»,-ասել է նա, հայտնում է vz.ru-ն: «Մենք կողջունեինք Ռուսաստանի կառուցողական մասնակցությունն այդ ջանքերին»,-ասել է Էռնեստը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող անդամակցել ԱՄՆ գլխավորած կոալիցիային, քանի որ այն ստեղծվել է շրջանցելով միջազգային իրավունքը:

Սաուդյան Արաբիան իր հերթին ևս կոչ էր արել Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Ըստ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլա ալ Մուալլիմի, այն վայրերում, ուր հասցվել են առաջին ավիահարվածները, ԻՊ գրոհայիններ չկան:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---