Վարդան Օսկանյանն անընդունելի է համարում ՍԾՏՀ որոշ երկրների մեկուսացման քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Մոսկվայում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արտգործնախարարների խորհրդի 15-րդ նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ելույթում Վ. Օսկանյանը մասնավորապես ասաց, որ չնայած առկա երկկողմ խնդիրներին` ՍԾՏՀ երկրները բազում ընդհանրություններ ունեն: Քաղաքական հարցերի կարգավորման համար ներդաշնակ միջավայր ստեղծելու նպատակով այդ ընդհանրությունները պետք է գերիշխեն գոյություն ունեցող տարբերություններին: Նախարարը նշեց նաեւ, որ տրանսպորտային օղակ ստեղծելու ջանքերին զուգահեռ որոշ անդամ-երկրների դուրսմղման քաղաքականությանը դիմելը, անդամ-երկրներին շրջանցելն ու արդեն գոյություն ունեցող տրանսպորտային միջոցները անտեսելը անընդունելի են մեկ կազմակերպության անդամների համար: Անդրադառնալով Բուլղարիայի եւ Ռումինիայի ԵՄ առաջիկա անդամակցությանը` Վ. Օսկանյանն ընդգծեց, որ դա նոր հնարավորություն է ստեղծում ՍԾՏՀ-ի եւ ԵՄ-ի սերտ համագործակցության համար` հաշվի առնելով որոշ ընդհանուր շահերն ու որոշ երկրների` երկու կազմակերպություններին անդամակցելը: Նախարարն առաջարկեց Ստամբուլում կայանալիք կազմակերպության 15-ամյակի գագաթաժողովի նախապատրաստման շրջանակում ուսումնասիրել կուտակված փորձը, նոր մարտահրավերները եւ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իրականացնել անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքում ընդունվեց համատեղ հռչակագիր, իսկ կազմակերպության նախագահությունը Ռուսաստանից փոխանցվեց Սերբիային: Նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---