Մասնագետներ․Ատոմային էլեկտրակայանները կարող են հեշտ թիրախ լինել կիբերհարձակումների համար

Մասնագետներ․Ատոմային էլեկտրակայանները կարող են հեշտ թիրախ լինել կիբերհարձակումների համար

PanARMENIAN.Net - Բրիտանական «Չաթեմ Հաուս» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը հրապարակել է կանխատեսում, համաձայն որի ատոմային էլեկտրակայաններն ամբողջ աշխարհով մեկ կարող են հեշտ թիրախ հանդիսանալ ցանցահենների համար։ Վերլուծաբանների կարծիքով, այդ օբյեկտների ենթակառուցվածքները պատրաստ չեն իրենց կիբերվտանգներից պաշտպանելու համար։

«Չաթեմ Հաուսի» տվյալներով, հաքերները, այդ թվում նրանք, ովքեր ծառայում են տարբեր երկրների շահերին, ակտիվանում և իրականացնում են իրենց հարձակումները, սակայն ԱԷԿ-ների կիբերպաշտպանությունը չի հասցնում նրանց հետևից։ Վերլուծաբաններն անհանգստացած են ատոմային էներգետիկայի ոլորտում հակավիրուսային պաշտպանության ծախսերի նվազմամբ։ Նրանք պնդում են, որ ԱԷԿ-ները նախընտրում են օգտագործել ստանդարտ ու էժան հակավիրուսային ծրագրեր և խնայել անձնակազմին կիբերանվտանգություն սովորեցնելուն ուղղված միջոցները։

Ինչ վերաբերում է Մեծամորի ատոմակայանի կիբերանվտանգությանը, կամ ցանցային պատրաստվածությանը, ապա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով բաց աղբյուրներում այդ մասին տեղեկատվություն չկա։

«Դա կարող է դիտվել նույնպես որպես ապահովության միջոցներից մեկը, քանի որ տեխնիկական տվյալների բաց լինելը ավելիացնում է խոցելիության վտանգը։ Մյուս կողմից, կա մի այլ խնդիր․հանրությունը տեղյակ չէ, թե որ կառույցն է, եթե կա այդպիսի կառույց, իրականացնում տեղեկատվական անվտանգության աուդիտ ատոմակայանում։ Ատոմակայանի կայքը ընդանրապես անցյալ տասնամյակում է թարմացվել»,- նշեց նա PanARMENIAN.Net ի հետ զրույցում։

Փորձագետի կարծիքով, այսօր արդեն պարզ է, որ կիբերհարձակումները կարող են իրականացվել նույնիսկ ինտերնետից անջատված ցանցերի վրա։ Այնպես որ զուտ տեսականորեն, նման վտանգներից ոչ մեկ չի երաշխավորված։

«Իսկ անվտանգության մակարդակը, ցավոք, գնահատել չեմ կարող տեղեկատվության բացարձակ բացակայության պատճառով»,- հավելեց նա։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---