EPLO. Սահմանադրության նախագիծն ամրագրում է մարդու իրավունքների պաշտպանությունը

EPLO. Սահմանադրության նախագիծն ամրագրում է մարդու իրավունքների պաշտպանությունը

PanARMENIAN.Net - Հանրային Իրավունքի Եվրոպական Կազմակերպությունը (EPLO) փորձաքննության է ենթարկել ՀՀ կողմից ուղարկված Սահամանադրական փոփոխությունների նախագիծը և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին է ներկայացրել իր մասնագիտական եզրակացությունը:

Հանրային Իրավունքի Եվրոպական Կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային առաջատար կազմակերպություն է: Կազմակերպությանն անդամակցում են Եվրոպայի 14 պետություն և միջազգային ճանաչում ունեցող 64 համալսարան:

Միջազգային այս հեղինակավոր կառույցի նախագահ պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսի ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեր քննարկմանը ներկայացված սահմանադրական տեքստը ակնհայտորեն լուրջ ջանքերի արդյունք է: Այդ է պատճառը, որ Սահմանադրության նախագիծը չափազանց ընդգրկուն և առաջնակարգ մի փաստաթուղթ է ստացվել: Նախագիծը չի սահմանափակվել մարդու իրավունքների տիպային ցանկի կրկնությամբ, այլ ներառում է մարդու իրավունքների վերաբերյալ դրույթներ` հաջորդ սերունդների համար: Այստեղ մեր արձանագրած ընդհանուր ու ակնհայտ առաջընթացն այն է, որ մարդու իրավունքներին վերաբերող նորմերը գրված են համընդգրկուն և մանրամասն, նույնիսկ շատ մանրակրկիտ»:

Նրա խոսքով՝ նախագիծն արդյունավետորեն լուծել է կառավարության կայունության ապահովումը, ինչը նախապայման է հասարակական խաղաղության և տնտեսական աճի համար: Այդ իսկ պատճառով, կազմակերպությունը լիովին ողջունում է նախագծի ներկայիս բովանդակությունը, որն ամրագրում է մարդու իրավունքների պաշտպանությունը և գործադիր իշխանության արդյունավետության ամրապնդումը:

«Նախագծում դրական է այն, որ խորհրդարանական համակարգը ռացիոնալ ացնելու ջանքերը հիմնականում արտահայտվում են քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունները նվազեցնող համամասնական ընտրակարգի և կայուն խորհրդարանական մեծամասնության համակցությամբ: Եթե կայուն խորհրդարանական մեծամասնությունը չի կազմվել ընտրությունների առաջին փուլի արդյունքում, ապա կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ, որի դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորում: Երկրորդ փուլի մասին դրույթը հիշեցնում է նմանատիպ այնպիսի համակարգերի մասին, որոնք հաջողել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում», - ասել է Ֆլոգաիտիսը՝ նկատելով, որ ազգային մակարդակով այս համակարգի կիրառումը վկայում է նախագծի ինքնատիպության մասին:

Ըստ նրա՝ նախագիծը ներառում է դրույթներ` սահմանադրական բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ, որոնք ապահովել են դրա համապատասխանությունը ժամանակակից օրենքներին և որոնք կնպաստեն արդյունավետ վարչական ու դատական համակարգերի ստեղծմանը:

Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---