ՄԱԿ. Հոկտեմբերին առնվազն 120.000 սիրիացի է տեղահանվել

ՄԱԿ. Հոկտեմբերին առնվազն 120.000 սիրիացի է տեղահանվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով: Այս տվյալները լրագրողներին է ներկայացրել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Առնվազն 120.000 մարդ է հեռացել տներից Սիրիայում շարունակվող մարտերի պատճառով: Մարդիկ հիմնականում տեղաշարժվել են երկրի ներսում և տեղակայվել քաղաքների ու գյուղերի հարևանությամբ, մի մասը սակայն ապաստան է գտել թուրքական սահմանին գործող փախստականների Ճամբարներում»,-ասել է նա: Ըստ նրա, Հալեպի բնակիչներից շատերը փախել են քաղաքից դեպի արևմուտք գտնվող բնակավայրերը:

Ինչպես հայտնել է Դյուժարիկը, մարդիկ վրանների, տնտեսական ապրանքների, սննդամթերքի, մաքուր խմելու ջրի և հիգիենայի պարագաների կարիք ունեն: «Հումանիտար գործընկերները շարունակում են միջոցներ ձեռնարկել վերաբնակներին օգնելու համար: Հալեպում, Իդլիբում և Համայում սկսվել է սնվելու համար պատրաստի սնդդի բաշխումը, սակայն դա բավարար չէ: Բացի այդ, շարժական հոսպիտալները սկսել են օգնել վիրավորներին Հալեպում»,-նշել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել:

Սիրիայում վերաբնակների քանակի աճի մասին զեկույցը ակտիվորեն օգտագործում են ԱՄՆ-ն ու մյուս երկրները մեղադրելու համար ՌԴ-ին օդային հարվածների բացասական հետևանքների համար: ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մասնավորապես, պնդում է, որ ՌԴ ավիահարվածներն ուղղված են ոչ թե ծայրահեղականների, այլ «չափավոր ընդդիմության» և քաղաքացիական օբյեկտների դեմ:

ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն այդ մեղադրանքները հերքել է: Ընդ որում ՄԱԿ պաշտոնյաները հաստատում են, որ չունեն տվյալներ այն մասին, թե փախստականների քանակի աճին հանգեցրել են հենց ՌԴ ավիացիայի գործողությունները Սիրիայում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---