Բաքվում գտնում են, որ Ռ. Քոչարյանը եւ Ի. Ալիեւը «պարզապես մի-մի բաժակ թեյ կըմպեն ու կբաժանվեն»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների տարածաշրջանային այցից որեւէ նոր առաջարկներ պետք չէ սպասել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին պետական խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, նրանց բոլոր առաջարկությունները, ինչպես նաեւ կողմերի դիրքորոշումները լավ հայտնի են: «Նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս Թուրքիայում եղած ժամանակ նորից հայտարարել է, որ երբեք չի ընդունի կարգավորման տարբերակ Ադրբեջանի սահմաններից դուրս գտնվող Լեռնային Ղարաբաղով: Հասարակության պատրանքները համանախագահների յուրաքանչյուր այցի առումով ի սկզբանե հիմնավորված չեն: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ներկայացնող միջնորդները, չունենալով որեւէ կապ այդ երկրների ղեկավարության հետ, պարզապես ինքնագործնեությամբ են զբաղվում: Նրանք այնքան հոյակապ են գիտակցում կարգավորման անհեռանկարությունը ներկա պայմաններում, որ այդ երկրների կառավարություններն այդ հարցով չեն զբաղվում: Այդ պատճառով, նման պայմաններում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին բավականին լավատեսական արտահայտությունները ես սովորական շահարկում եմ համարում: Համանախագահների գործնեությունը պարզապես շոու է, ցուցադրականություն»,- հայտարարել է Վաֆա Գուլուզադեն: Ընդ որում, նա ավելացրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը «լրիվ անիմաստ է»: Նրա խոսքերով, «անհամատեղելի հակասությունների ներկա պայմաններում նախագահները, ինչպես դա լինում էր մինչեւ հիմա, ամենայն հավանականությամբ, պարզապես մի-մի բաժակ թեյ կըմպեն ու կբաժանվեն»: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ հույսերի հետ կապված հարցին` Վաֆա Գուլուզադեն հայտարարեց: «Կարգավորման հույսեր կան, եւ դրանք կապված են դեպի Կովկաս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման հետ եւ ռուսական կայսրության փլուզման հետ: Իսկ այդ ժամանակները լեռների ետեւում չեն: Նավթի գների աճը, ինչով պայմանավորված է այդ կայսրության ներկա գոյությունը, հավերժ չէ: Իսկ ամերիկացիները, իրաքյան ճգնաժամից դուրս գալուց հետո, կզբաղվեն Ռուսաստանով», հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---