ԱԳ փոխնախարարը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը համեմատել է որդնած խնձորի հետ, «որը մյուսներին էլ է վարակում»

ԱԳ փոխնախարարը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը համեմատել է որդնած խնձորի հետ, «որը մյուսներին էլ է վարակում»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից ղարաբաղյան խնդրի վերաբերյալ զեկույցի ընդունմանը, որն անընդունելի ձևակերպումներ է պարունակում:

Փոխնախարարը պատգամավորների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ 2013-ին այդ զեկույցի հեղինակը` Ռոբերտ Ուոլթերը գլխավորում էր դիտորդական առաքելությունն Ադրբեջանի նախագահական ընտրություններում: «Նա ուղղակի խայտառակ մի զեկույց ներկայացրեց, որը մեծապես վնասեց ԵԽ հեղինակությանը: Այդ զեկույցում Ադրբեջանում կայացած խայտառակ ընտրությունները նա բնութագրել էր որպես «գերազանց»: Զեկույցի հրապարակումից հետո հեղինակավոր Guardian-ը նշել է. «Արքայական ընդունելության արժանանալով` նրանք վերադաձրան թանկարժեք նվերներով` խմիչքներ, խավիար, մետաքսե գորգեր և դրամական միջոցներ»: Ահա թե ինչ է գրել Guardian-ը Ուոլթերի և նրա թիմի մասին»,-ասել է Քոչարյանը:

Նա հավելել է, որ դրանից հետո Հայաստանը հիանալի հասկանում է, թե ինչ է կատարվում այն դաշտում, որտեղ պայքարում են փողերի միջոցով: Նա ասել է, որ շատ բարդ է հակազդել ադրբեջանական նավթադոլարներին այդ կառույցներում: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը հետևողականորեն գտնում է մարդկանց թույլ կողմերը, կաշառում է և նրանց գործունեությունն այդ դեպքում բացասաբար է անդրադառնում հենց ԵԽ իմիջի վրա: Ես պետք է մի կոպիտ համեմատություն անեմ. Ադրբեջանի պատվիրակությունը նման է որդնած խնձորի, որը մյուսներին է վարակում: Այսինքն որդը ԵԽ-ում է և դա հենց ԵԽ խնդիրն է, քանի որ այդ կառույցի նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունն ու եվրոպական արժեքների քարոզը: Եվ ստացվում է, որ ԵԽ-ն այն մակարդակի է իջել, որ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը կարող է հրապարակավ հայտարարել, թե «Եվրոպայի խորհուրդը մերն է»: Պատկերացնո՞ւմ եք: Եվրոպայի խորհուրդը բռնատիրական Ադրբեջանի ձեռքում է»,-ասել է նա, հայտնում է Armenia Today-ը:

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին: Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը կազմել է զեկույցն առանց Լեռնային Ղարաբաղ այցելելու ու տեղում իրավիճակի ծանոթանալու: Ստեփանակերտը պահանջում էր հանել ԼՂՀ վերաբերյալ «գրավյալ տարածքներ» ձևակերպումը փաստաթղթի անվանումից ու բովանդակությունից, սակայն պահանջը մերժվեց: Ուոլթերը դիմել էր պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցում։ Ուոլթերի զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը:

2014 հոկտեմբերին հայկական պատվիրակությունը հայտարարել էր, որ կբոյկոտի զեկույցի շուրջ աշխատանքները, եթե այն շրջանառության մեջ դրվի նման տեսքով ու ձևակերպումներով: «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ ընդունում եք, թե ոչ, ճանաչում եք, թե ոչ, աշխարհում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի քաղաքացիներն ամենից շատ խաղաղություն են ուզում, բայց ապրում են շարունակվող պատերազմի պայմաններում: Արտ են հերկում, տուն կառուցում, երեխաներ են ունենում, միջազգային դիտորդների գնահատականով՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են անում: Եթե մենք իսկապես շահագրգիռ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, մենք պետք է հարգենք նրանց կյանքի և զարգացման իրավունքը», - ԵԽԽՎ ազատ բանավեճի հարթակում ասել էր հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտը ԵԽԽՎ քարտեզից դուրս չէ, Եվրոպայի մի մասն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---