Ֆեթհիյե Չեթինն ԱՄՆ-ում դասախոսություն է կարդացել բռնի իսլամացված հայերի հիմնախնդիրների մասին

Ֆեթհիյե Չեթինն ԱՄՆ-ում  դասախոսություն է կարդացել բռնի իսլամացված հայերի հիմնախնդիրների մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում Ռեմեյփո քոլեջի Հոլոքոսթի և ցեղասպանագիտության կենտրոնի և Նյու Ջերսիի Հայ դատի գրասենյակի հովանավորությամբ տեղի է ունեցել թուրք իրավաբան և գրող Ֆեթհիյե Չեթինի «Այլևս ոչ ծպտյալ. մարտահրավերներ, որոնց առերեսվում են բռնի իսլամացված հայերը» խորագրով դասախոսությունը, տեղեկացնում է Armenian Weekly-ն:

Առաջին անգամ ծպտյալ հայերի մասին լռությունն ընդհատվել է 2004-ին, երբ Չեթինը հրապարակեց իր «Մեծ մայրս» գիրքը, որտեղ նա պատմում էր իր տատի հայկական ինքնության բացահայտման պատմությունը: Դրան հաջորդող տասը տարվա ընթացքում բազմաթիվ թուրքեր են հրապարակել իրենց հայկական արմատների մասին պատմող գրքեր կամ հոդվածներ:

Չեթինի տատը` Սեհերը, հայ քրիստոնյա էր, որը Ցեղասպանության ժամանակ որդեգրվել էր թուրք սպայի կողմից: Իր տատիկի արմատների թողած ազդեցությունը ոգեշնչել է Չեթինի աշխատանքը, որն էլ քննարկվել է միջոցառման ժամանակ:

ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի գրասենյակը նոյեմբերի 14-ին Դեթրոյթում Չեթինին կպարգևատրի իր ամենաբարձր պարգևով` Հայ դատի գրասենյակի հեղինակավոր Ազատության մրցանակով, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի գրասենյակի Ազատության մրցանակով պարգևատրվում են այն անձինք, որոնք մեծապես նպաստել են Ցեղասպանության ճանաչման գործին և ամերիկահայ համայնքի այլ կարևորագույն խնդիրներով են զբաղվել:

Ավելի վաղ այդ մրցանակին են արժանացել նշանավոր իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն և Մորգենթաու ընտանիքը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Էդվարդ Մ. Քենեդին, նախկին սենատոր Ռոբերտ Դոուլը, բարոնուհի Քերոլայն Քոքսը և այլք:

2015-ի հունվարին Ֆեթիյե Չեթինը և սոցիոլոգ Այշե Գյուլ Ալթընայն ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ուոթերսթուն քաղաքի հանրային գրադարանում ներկայացրեցին իրենց համահեղինակած՝ «Թոռներ. Թուրքիայի «կորուսյալ» հայերի թաքնված ժառանգությունը» գիրքը, որը նույնպես նվիրված էր 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ իսլամացած հայերի ճակատագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---