Հայկական կողմը դրական է գնահատում Մինսկում կայացած Քոչարյան-Ալիեւ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը դրական են գնահատում Մինսկում կայացած բանակցությունները: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները նշեցին բանակցությունների կառուցողական բնույթը: «Ես դեռեւս չեմ կարող կոնկրետ գնահատական տալ, եղավ առաջընթաց, թե ոչ, սակայն երկու նախագահները դրական են գնահատել հանդիպումը ինչպես մթնոլորտի, այնպես էլ կառուցողական մոտեցումների առումով»,-ասել է Օսկանյանը: ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Մինսկում երկու նախագահներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շրջանառության մեջ գտնվող փաստաթղթի երեք դրույթների վրա, որոնց վերաբերյալ դեռեւս համաձայնություն ձեռք չի բերվել: «Կարծում եմ, որ առաջիկայում նախագահները կվերլուծեն ամեն ինչ, որից հետո հստակ հանձնարարականներ կտրվեն արտգործնախարարներին հետագա գործունեության վերաբերյալ»,-ասել է Օսկանյանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ բանակցային գործընթացի դրական միտումները 2006 թվականին: Նրա խոսքերով, թեեւ 2006 թվականին լուրջ առաջընթաց չեղավ հակամարտության կարգավորման հարցում, «սակայն չեղավ նաեւ նահանջ»: «Կարծում եմ, որ այդ ընթացքում բանակցային գործընթացը չի տուժել, եւ մնում է սպասել, թե ինչպիսին կլինեն հաջորդ քայլերը 2007 թվականին»,-ասել է Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ամենամյա խորհրդակցության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբրի 3-4 Բրյուսելում, հնարավորություն կլինի ամփոփել բանակցային գործընթացի ընթացքը տարվա կտրվածքով: Նախարարը գտնում է նաեւ, որ 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք համահանրապետական ընտրությունները կարող են անդրադառնալ բանակցությունների ընթացքի վրա ժամանակային առումով, սակայն ոչ բովանդակային: «Ես համոզված եմ, որ մենք կշարունակենք մեր հանդիպումները»,-ամփոփել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---