Քոչարյանի գրասենյակ. Համատարած խախտումները հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից

Քոչարյանի գրասենյակ. Համատարած խախտումները հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով», - ասել է Սողոմոնյանը:

Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետականից հակադարձում են՝ 2015-ի սահմանադրական փոփոխությունները անհամեմատ ազատ և արդար են անցել, քան Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2005-ին ընդունվածը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն մասնակիցների ակտիվությամբ և թափանցիկությամբ լավագույնն է համարում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես չեմ կարծում, որ այդ խախտումները համեմատության դաշտում նախկին հանրաքվեների կամ ընտրությունների հետ կապված ավելի ցայտուն են եղել, որևէ վտանգավոր խախտումներ մենք չենք տեսնում։ Բացարձակապես չի կարելի լեգիտիմության խնդիր դնել, մենք նման նախադեպ չենք ունեցել թե ակտիվության տեսանկյունից, և նաև վերահսկողության տեսանկյունից։ Անհամեմատելի էին դրանք մեկը մյուսի հետ»,- ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, թե նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հանրաքվեն միանշանակ ավելի ազատ և արդար է անցկացվել։

2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է թվով 78 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողով ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ: Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

Կարդացեք նաև` ԵՄ պաշտոնյա. Հանրաքվեի ընտրակեղծիքների լիարժեք քննության կոչ ենք անում

ԱՄՆ դեսպանություն. Ընտրախախտումների մասին մտահոգիչ հաղորդումները պետք է հետաքննվեն

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---