Զաքարյան. Բաքվի գործողություններն ահաբեկչություն են ԵԱՀԿ ՄԽ դեմ

Զաքարյան. Բաքվի գործողություններն ահաբեկչություն են ԵԱՀԿ ՄԽ դեմ

PanARMENIAN.Net - Սահմանին Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ավանտյուրան առանց վարանելու կարելի է անվանել նաև ահաբեկչություն, որն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը:

«Սահմանային լարվածությունը միշտ ակնհայտ է եղել, հատկապես վերջին տասը տարվա ընթացքում, երբ Ադրբեջանը բանակցային գործընթացին զուգահեռ սկսեց նաև ռազմատենչ հռետորաբանությունը հարստացնել: Գոյություն ունի սրա դեմ արդյունավետ գործելու երկու ճանապարհ: Առաջիննն այն է, ինչը մեր զինված ուժերն են իրականացնում, այսինքն` հստակ պատժիչ գործողություններ, որոնք ադրբեջանական զինուժին ստիպում են հետ քաշվել և սահմանափակել իրենց գործողությունները, և երկրորդ` միջազգային հանրության արձագանքը, հատկապես Մինսկի խմբի գործընթացի շրջանակում:

Բնականաբար նաև ԱՄՆ-ի Պետդեպի համապատասխան վերջին արձագանքը հերթական անգամ ուղղված էր Ադրբեջանին՝ անթույլատրելի է իրավիճակը դուրս բերել խաղաղ կարգավորման հունից, և անթույլատրելի է ծանր զինտեխնիկայի կիրառումը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ավանտյուրան առանց վարանելու կարելի է անվանել նաև ահաբեկչություն, որն ուղղված է Մինսկի խմբի դեմ, սա անուղղակի ահաբեկչական գործողություն է բանակցային խնդիրների դեմ և պետք է Ադրբեջանը պատժվի առաջին հերթին քաղաքական առումով», - ասել է Զաքարյանը, մեջբերում է Tert.am-ը:

Պատասխանելով հարցին, թե հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ առաջնագծում տանկեր կիրառելու համատեքստում իրավիճակը կարող է երահսկողությունից դուրս գալ, հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ իրավիճակը ցանկացած զենքի, զինտեխնիկայի կիրառման դեպքում միշտ վերահսկելի է և այդպես էլ լինելու է:

«Մեր զինված ուժերը ևս կարող են կիրառել ցանկացած տիպի տեխնիկա, համարժեք ուժգնությամբ պատասխանել բոլոր գործողություններին, բայց դա մենք շատ լավ հասկանում ենք, որ ցանկալի չէ , որովհետև միշտ նախընտրելի է խնդրի խաղաղ կարգավորումը», - ասել է Զաքարյանը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի Պետդեպում էլ շատ լավ տեսնում են, որ ադրբեջանական տանկն է կրակում, ոչ թե հայկականը, այնտեղ էլ շատ լավ տեսնում են, որ ադրբեջանական հրթիռային կայաններն են խոցում հայկական դիրքերը, շատ լավ հասկանում են, որ պաշտպանական նպատակով տրվող հակահարվածները, հենց հիմնական զսպիչ ուժն են, որոնք սահմանափակում են ադրբեջանական զինուժի հույսերը կամ հետագա առաջխաղացման հնարավորությունները:

«Եվ կոչը ուղղված կողմերին մենք դիտարկում ենք զուտ դիվանագիտական տեսանկյունից կոռեկտ քայլ: Ես որ խոսում եմ քաղաքական պատիժներից և քաղաքական գնահատականների մասին, բնականաբար դրա միակ հասցեատերը Ադրբեջանն է, որովհետև Հայաստանը ոչ միայն խոսում է խաղաղ կարգավորման մասին, այլ ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակը մնա խաղաղ կարգավորման հունի մեջ, և երբեք չի տրվում սադրանքների»:

Դեկտեմբերի 9-ին հակառակորդն 1994-ի զինադադարի կնքումից հետո առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

ակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---