Շարմազանով. Լուկաշևիչի հայտարարությունը մեսիջ է Ադրբեջանին՝ Թուրքիան ԼՂ կարգավորման հարցում տեղ չունի

Շարմազանով. Լուկաշևիչի հայտարարությունը մեսիջ է Ադրբեջանին՝  Թուրքիան ԼՂ կարգավորման հարցում տեղ չունի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության հակամարտող կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի մոտեցումն անընդունելի է և չի կարող շարունակական լինել, անուղղակի մեսիջ է Ադրբեջանին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը մշտապես ցանկանում է հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխել, կարևորում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխությունը՝ նախ նկատի ունենալով Թուրքիայի ներգրավվածությունը: Եվ այս առումով սա շատ կարևոր հայտարարություն է, որը բխում է կարգավորման և խաղաղ բանակցությունների սկզբունքներից»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը, գրում է Artsakhpress-ը:

Շարմազանովի խոսքով՝ այդ հայտարարությամբ համանախագահող երկրներից մեկի ներկայացուցիչը հստակ ցույց է տալիս Թուրքիային, որ ինքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տեղ չունի և դա իր գործը չէ:

«Նաև հստակ նշվել է, որ այս հարցում միակողմանի դիրքորոշումն անընդունելի է ու դատապարտելի», - հավելել է ԱԺ փոխնախագահը:

Դեկտեմբերի 15-ին ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն ինչ` ԼՂՀ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու համար։

«Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են և որևէ շարունակություն ունենալ չեն կարող»,-հայտարարել է Լուկաշևիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում ասվում է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ։

Եթե Թուրքիան իրոք ցանկանում է նպաստել խնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա բանակցային գործընթացից։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---