Կոնգրեսական. Ալիևն ամբողջությամբ ճնշել է Ադրբեջանում մամուլի ազատությունն ու բազմակարծությունը

Կոնգրեսական. Ալիևն ամբողջությամբ ճնշել է Ադրբեջանում մամուլի ազատությունն ու բազմակարծությունը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում, հայտնում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը:

Կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ:

«Հույս ունեմ, այս օրինագիծը կհրավիրի նրանց ուշադրությունը, և մենք շատ լուրջ ենք տրամադրված՝ Կոնգրեսում այն ընդունելու հարցում», - ասել է Սմիթը:

Լսումների ընթացքում Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության ամերիկյան բաժնի տնօրեն Դելփին Հագլանդը հիշեցրել է, որ Ադրբեջանում իրենց աշխատանքի պատճառով ազատությունից զրկվել է 12 լրագրող ու բլոգեր:

«Նախագահ Իլհամ Ալիևն ամբողջությամբ ճնշել է Ադրբեջանում մամուլի ազատությունն ու բազմակարծությունը», - ավելացրել է Հագլանդը:

Հագլանդի խոսքով, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ղեկավարության առջև դրվող պահանջները՝ մամուլի ազատության և մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ, կարող են դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման համար:

«Մենք գիտենք, որ նախագահ Ալիևը չափազանց լուրջ է վերաբերվում իր իմիջին, հատկապես՝ Միացյալ Նահանգներում, և ես իսկապես հավատացած եմ, որ եթե ԱՄՆ-ը լուրջ գործողություններ ձեռնարկի, Ալիևի վրա դա կազդի», - ավելացնում է Դելփին Հագլանդը:

Հիշատակելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումները՝ կոնգրեսական Սմիթը նշել է, որ Բաքու է այցելել երկու անգամ և երկու անգամ էլ լուրջ քննարկումներ է ունեցել այդ երկրի նախագահի հետ:

«Բաքվում հանդիպումների ընթացքում ես ասում էի, եկեք ճնշում գործադրենք այդ անձնավորության՝ Ալիևի վրա: Նա շատ հրապուրիչ մարդ էր, սակայն մեզ անհրաժեշտ է ազնվություն և ճշմարտություն», - նշել է կոնգրեսականը: «2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերնագրով օրինագիծը նախօրեին ներկայացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:

Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմնել:

Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---