Հայաստանը ողջունում է Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը

Հայաստանը ողջունում է Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը

PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ, որը տեղադրված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության մեջ ասվում է.«Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։

Հունվարի 16-ին չեղարկվել են 2005-ից ի վեր Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ համապատասխան կարգադրություն է արվել նաև ԵՄ-ում:

Պատժամիջոցները չեղարկվեցին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որով հաստատվեց, որ Իրանը լիովին կատարում է «վեցյակի» հետ համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները:

Համաշխարհային հանրությունը հավանություն է տվել պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ նորությանը: «Հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն ամբողջ պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ Իրանի հետ պայմանավորվածությունը չի լուծում բոլոր հարցերը, սակայն այդպիսի հնարավորություն է տալիս:

Չի թաքցրել ուրախությունը նաև Իրանի նախագահ Ռոուհանին: «Շնորհակալ եմ Աստծուն և խոնարհվում եմ Իրանի ժողովրդի մեծության և համբերության առջև: Շնորհավորում եմ մեծ հաղթանակի կապակցությամբ»:

Պատժամիջոցների չեղարկումն առաջին հերթին կանդրադառնա նավթի շուկայի վրա: Իրանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ավելացնել արտահանումն օրական 500 հազար բարելով: Այդ նորությունից հետո Brent տեսակի նավթի գինն էլ ավելի է ընկել` հասնելով $27,67 մեկ բարելի դիմաց: Դա ամենացածր ցուցանիշն է 2003-ից ի վեր: Առաջարկի ավելցուկը համաշխարհային շուկայում օրական հասնում է 1 մլն բարելի, որի հետևանքով 2014-ի մայիսից ի վեր նավթի գինը նվազել է 75%-ով:

Ավելի վաղ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության էին հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը չեղարկում է Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---