ՌԴ պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին

ՌԴ պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին

PanARMENIAN.Net - ՌԴ պատվիրակությունը չի մասնակցի Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել ՌԴ պատվիրակության փոխղեկավար, ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Այժմ ՌԴ Պետդումայի պալատների խոսնակների ստորագրությամբ ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերի անունով նամակ է պատրաստվում այն մասին, որ ՌԴ պատվիրակությունը չի մասնակցի հունվարյան նստաշրջնին»,-ասել է Սլուցկին: Ավելի վաղ, իրավիճակին իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ հունվարի 15-ին ըստ վեհաժողովի կանոնակարգի սպառվել է ժամկետը, երբ ազգային պատվիրակությունները պետք է ներկայացնեին իրենց պատվիրակների ցուցակը: «ՌԴ պատվիրակությունը դա չի արել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Սլուցկին իր հերթին նշել է, որ ՌԴ-ն կվերադառնա Ստրասբուրգ միայն իրավահավասարության պայմանով և ռուսական պատվիրակության բոլոր լիազորությունների վերականգնման դեպքում:

«Ինչպես հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, մենք խտրականություն չենք հանդուրժի և ցանկացած պատժամիջոց ՌԴ պատվիրակության հանդեպ անընդունելի է»,-ասել է Սլուցկին:

2014-ի ապրիլին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվեց լիազորություններից Ուկրանայի իրադարձությունների և ՌԴ հետ Ղրիմի վերամիավորման պատճառով: 2015-ին Վեհաժողովը երկու անգամ քննարկել է ՌԴ պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցը, սակայն պատժամիջոցները դեռ գործում են. Ռուսաստանը զրկված է ձայնի իրավունքից, ինչպես նաև ղեկավար մարմինների աշխատանքին մասնակցելուց:

Ի պատասխան Ռուսաստանը հայտարարեց, որ կասեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքին մինչև 2015-ի ավարտը: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցելու է Ստրասբուրգում 2016-ի հունվարի 25-29-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---