Ադրբեջանը մտադիր է վերանայել պետբյուջեն` նավթի գնանկման պատճառով

Ադրբեջանը մտադիր է վերանայել պետբյուջեն` նավթի գնանկման պատճառով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական բյուջեն կարող է վերանայվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության կոմիտեի նախագահ Զիյադ Սամեդզադեն` ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում:

Ըստ նրա, նավթի գնանկումը համաշխարհային շուկայում անհրաժեշտություն է դարձնում տնտեսական ծրագրերի վերանայումը, հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ:

Հունվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ արտահերթ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարության անդամների հետ, որտեղ քննարկվել են տնտեսական և սոցիական հարցեր: Ինչպես գրում է պարբերականը, Ալիևն ըստ էության արտակարգ իրավիճակ է հայտարարել տնտեսության ոլորտում:

Ինչպես հայտնի է, մանաթի արժեզրկումից հետո Ադրբեջանում կտրուկ գնաճ է արձանագրվել ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծվող ապրանքների համար: Տարադրամի փոխանակում փոխանակման կետերում չի իրականացվում, բոլոր կետերը փակվել են, շուրջ 6 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Ալիևը հանձնարարել է սեփականաշնորհման մեծ ծրագիր սկսել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2016-ի հունվարից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձերը նվազել են 30-50 տոկոսով: Այս որոշումն առնչվում է ավելի քան 3 հազար սպայի և ենթասպայի: Որոշում է կայացվել նաև հետաձգել զորամասերի մեծ մասի շինարարական աշխատանքներն ու վերակառուցումը: Փոփոխություններ կլինեն նաև զենքի և զինտեխնիկայի ձեռք բերման ոլորտում:

Համաշխարհային բանկերը նվազեցրել են նավթի գնի վերաբերյալ իրենց կանխատեսումները 2016-ի համար: Barclays-ը Brent-ի և WTI-ի համար ակնկալում է $37: Ավելի վաղ բանկը ենթադրում էր, որ 2016-ին Brent-ի միջին արժեքը կկազմի $60, WTI-ը` $56 մեկ բարելի համար:

Ըստ Standard Chartered բանկի վերլուծաբանների, նավթի գները կարող են նվազել մինչև $10 դոլար 1 բարելի դիմաց: Morgan Stanley-ը կանխատեսում է, որ Brent-ի 1 բարելի գինը կարող է նվազել մինչև $20:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---