ՀՀ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում պաշտպանում է Ինֆանտինոյի թեկնածությունը

ՀՀ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում պաշտպանում է Ինֆանտինոյի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահներ և գործադիր տնօրեններ, ի թիվս այլ հարցերի լսվել և քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրված ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»):

Լսելով և քննարկելով ծրագիրը, հանդիպման ընթացքում ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունները որոշել են իրենց դիրքորոշումները հրապարակել ներքին կանոնակարգային սկզբունքներին համապատասխան, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլային ֆեդերացիան:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը») ներկայացրել է ՀՖՖ գործադիր կոմիտեին: Ընտրական ծրագիրը, որում ամփոփված են ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Ջիանի Ինֆանտինոյի գործողությունների ծրագրային դրույթները ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, ֆուտբոլային բազմատեսակ շահերից բխող նոր քայլ է համաշխարհային ֆուտբոլում, նաև Եվրոպական ֆուտբոլի զարգացման ճանապարհին:

«Մանիֆեստը» նոր մտածողությամբ և աշխարհընկալման նոր մոտեցումներ ընդգրկող ճանապարհային յուրօրինակ քարտեզ է, որն ուրվագծում է համաշխարհային ֆուտբոլի բոլոր հնարավոր տեսլականները, ներառում է սկզբունքային դրույթներ ֆուտբոլային սպասվող մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, գնահատելով ներկայացված ծրագրի կարևորությունը ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, իր պաշտպանությունն է հայտնում Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում և կսատարի վերջինիս՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը և Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Միշել Պլատինին 8 տարով հեռացվեցին ֆուտբոլային գործունեությունից: Պլատինին նաև տուգանվել է 80 հազար շվեյցարական ֆրանկով: Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հետաքննության շրջանակում որոշել էր հեռացնել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և Պլատինիին զբաղեցրած պաշտոններից և ցանկացած ֆուտբոլային գործունեությունից 90 օրով` որակազրկումը երկարացնելու հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան 45 օրով: Բլատերին կասկածում էին 2011-ին ապօրինաբար 2 մլն շվեյցարական ֆրանկ Պլատինիին փոխանցելու մեջ` իբր 1999-2002-ին կատարած աշխատանքի դիմաց:

Կարդացեք նաև՝ ՖԻՖԱ-ն ազատել է աշխատանքից գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---