Եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից, դա ոչինչ չի փոխի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի խանգարում հայ-թուրքական հարաբերություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից, դա ոչինչ չի փոխի: «Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման եւ սահմանի ապաշրջափակման համար գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության հարցը, ընդգծել է Օսկանյանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հնարավորությանը, ապա, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Հուսանք, ժամանակը ցույց կտա»:



ՀՀ արտգործնախարարը նշել է նաեւ, որ հաշվետու տարում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում էական տեղաշարժ չի գրանցվել Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականության պատճառով: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Թուրքիան շարունակում է պայմանավորել մի շարք նախապայմաններով, մինչդեռ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: «Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել բանակցել երկու երկրների միջեւ առկա խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու նպատակով: Սակայն Թուրքիան Ադրբեջանի հետ շարունակում է տարածաշրջանային համագործակցության ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու իր ոչ կառուցողական քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա երկկողմ շփումները հիմնականում կայացել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում (ՍԾՏՀ, ԵԽ, ՅՈՒՆԵՍԿՕ եւ այլն)»,-նշել է Վ.Օսկանյանը:



Նա նաեւ նշել է, որ Թուրքիայում շարունակվել են Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներն ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական հարթություններում: «Այդ գործընթացն իր գագաթնակետին հասավ հոկտեմբերին Ֆրասնիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար պատիժ նախատեսող օրենքի նախագծի ընդունումից հետո»,-ասել է Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ երկկողմ հարաբերություններում ակտիվություն են դրսեւորում ոչ կառավարական կազմակերպությունները:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---