Պետդեպը միջսիրիական բանակցությունների կասեցումը կապել է ռուսական օդուժի հարվածների հետ

Պետդեպը միջսիրիական բանակցությունների կասեցումը կապել է ռուսական օդուժի հարվածների հետ

PanARMENIAN.Net - Միջսիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեին Ժնևում առաջիկա օրերին, հետաձգվել են: Այդ մասին հայտարարել է բանակցություններում ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

Նա հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն Ժնևում փետրվարի 25-ին:

Մինչդեռ ԱՄՆ Պետդեպը բանակցությունների հետաձգումը կապել է ռուսական օդուժի հարվածների հետ Սիրիայում: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, հայտարարել է, որ ռուսական օդուժի հարվածները Հալեպի մերձակայքում գրեթե բացառապես ուղղված են սիրիական ընդդիմության, այլ ոչ թե Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ: Նա հավելել է, որ Հալեպի արվարձանների ռմբակոծությունների հետևանքով զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում, դա դժվարացրել է փախստականների տեղաշարժը, ինչպես նաև խոչընդոտում է հումանիտար բեռների առաքմանը:

«Շատ դժվար է հասկանալ, թե ինչպես են քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածները նպաստում խաղաղ կարգավորմանը, որի հնարարվորությունն այժմ ուսումնասիրվում է»,-ասել է Քիրբին:

Քիրբին նշել է նաև, որ բանակցությունների կասեցման մեղքն ամբողջությամբ չի բարդում Ռուսաստանի վրա: Ռուսական օդուժի գործողությունները գործոններից մեկն է, բայց ոչ միակը: Քիրբին հավելել է, որ խոսքը «հումանիտար օգնության համար արգելքների և շարունակվող բռնության» մասին է, որը ձեռնատու է Բաշար Ասադի ռեժիմին` «ռուսական զորքերի աջակցությամբ», հայտնում է RNS-ը:

Բանակցությունների հետաձգումն անսպասելի չէր, քանի որ կողմերի մոտ կա խորը անվստահություն մեկը մյուսի նկատմամբ: Բանագնացին չի հաջողվել նույնիսկ առանձին հանդիպումներ անցկացնել բանակցությունների մասնակիցների հետ: Քրդերի մասնակցության հարցը միջսիրիական բանակցություններին գլխավորներից մեկն էր Մյունխենում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովն ասել էր, որ առանց քրդերի մասնակցության դժվար է հուսալ, որ սիրիական խնդիրը կհանգուցալուծվի, սակայն քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին կտրականապես դեմ է Թուրքիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---