Զաքարյան. Խոջալուի ֆարսը հակահայկական քարոզչության էլեմենտներից է

Զաքարյան. Խոջալուի ֆարսը հակահայկական քարոզչության էլեմենտներից է

PanARMENIAN.Net - Խոջալուի ֆարսը, որը ադրբեջանցիները փորձում են ներկայացնել անտեղյակ հասարակությանը, միջազգային հանրությանը, Ադրբեջանի կողմից տարվող հակահայ քարոզչության էլեմենտներից է: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Հակահայ քարոզչությունը, որը տարվում է Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, միշտ էլ եղել է: Մենք պետք է սա ոչ թե պայմանավորենք նավթային, խավիարային դիվանագիտությունների կիրառմամբ, այլ՝ խրոնիկական բնույթով, հասկանանք, որ սա Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է: Խոջալուի ֆարսը, որը ադրբեջանցիները փորձում են ներկայացնել անտեղյակ հասարակությանը, միջազգային հանրությանը, հակահայ քարոզչության էլեմենտներից»,- նշել է Զաքարյանը՝ ասելով, որ Հայաստանի կողմից պետք է տարվի աշխատանք՝ հակահայ քարոզչության դեմ:

Ըստ նրա՝ Խոջալուի հորինվածքը գնալով քիչ հնչեղություն է ստանում, որևէ միջազգային կազմակերպություն այդ ավանտյուրան «ցեղասպանություն» չի համարում, գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա Զաքարյանը շեշտել է, որ Ադրբեջանն արդեն սովորական է դարձրել հրադադարի ռեժիմի խախտման գործընթացները, որոնք ուղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին դեմ:

Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում

1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:

Ղարաբաղի բնակչության համար տենսականորեն կարեւոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:

Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր եւ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին:

Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրեւ Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն:

Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւեւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով եւ իշխանության հասնելու համար: Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռեւս Հեյդար Ալիեւի կողմից եւ որը պաշտպանել է գահաժառանգ Ալիեւ-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաեւ հայ խաղաղ բնակչության եւ սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական եւ այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---