ԵԺԿ նախագահը՝ Սարգսյանին. Միասին կլուծենք անվտանգության խնդիրը, կպաշտպանենք ինքնորոշման ընտրությունը

ԵԺԿ  նախագահը՝ Սարգսյանին.  Միասին կլուծենք անվտանգության խնդիրը, կպաշտպանենք ինքնորոշման ընտրությունը

PanARMENIAN.Net - Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում առկա անվտանգության բարդ իրավիճակի մասին՝ պիտի միասին աշխատենք այն լուծելու ուղղությամբ։ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին ընդառաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» թեմայով քննարկման առիթով ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Քննարկման ժամանակ Դոլի ուղերձն ընթերցել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը. «ԵԺԿ-ն հաստատապես Եվրոպական քաղաքական դաշտի անկյունաքարն է։ Եվ ի վերջո, մենք Եվրոպական միության հիմնադիրներից ենք և Եվրոպական ինտեգրման զարգացմանը նպաստել ենք ավելի, քան ցանկացած այլ քաղաքական ուժ։ Մեր կուսակցությունը հանդես է եկել որպես առավել սերտ միության կողմնակից, նպաստել է կոմունիզմի անկմանը և սատարել է ԵՄ ընդլայնմանը` ընդգրկելով նոր անդամ-պետությունների։ Ժամանակի ընթացքում ԵԺԿ-ն դարձավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը։ Այսօր մենք հպարտ ենք, որ ունենք Եվրոպական խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը, նախագահում ենք Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը։

40 տարբեր երկրից 75 անդամ-կուսակցության ցանցի շնորհիվ մենք սերտ հարաբերություններ ենք հաստատել մեր հարևան երկրների հետ։

ԵԺԿ-ի համար կարևոր է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խթանումը, և մենք գործակցության նոր ուղիներ գտնելու կարիք ունենք։ Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում առկա անվտանգության բարդ իրավիճակի մասին՝ պիտի միասին աշխատենք այն լուծելու ուղղությամբ։ Մենք միշտ ձեր կողքին կլինենք և կպաշտպանենք ձեր ազատ և ինքնիշխան ընտրությունը և միասին կպայքարենք ձեր երկրներում ժողովրդավարության և բարգավաճման համար»:

Նշվել է, որ Հայաստանը ԵԺԿ-ի համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում:

«ԵԺԿ-ն մշտապես սատարել է Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ կապերին, և հավատացած ենք, որ պետք է առավել խորը ուսումնասիրենք երկկողմանի հարաբերությունների հնարավոր շրջանակը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են որակյալ կառավարումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության դերը, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարատատության համակարգի բարեփոխումը, շարժունակության շուրջ գործընկերության իրագործումը և մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված քայլերը»:

Քննարկմանը ներկա Երոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ եվրոպական կուսակցությունների ընտանիքը կարևոր մեքենա է եվրոպական քաղաքական ինքնության համար:

«Անցած տարիների ընթացքում նրանք դարձել են իրական գործոն եվրոպական քաղաքականության մեջ, եվրոպական ինտեգրման գործում՝ խթանելով անդրեվրոպական քաղաքական համագործակցությունը: Եվրամիությունը հիմված չէ պատմության, աշխարհաքաղաքականության վրա, այլ հենված է արժեքների վրա, որոնք շատ կարևոր են: Այդ արժեքներն են՝ մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն», -ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցավ կարևոր փոփոխություն՝ անցում խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ կուսակցությունները մեծ դերակատարում ունեն: «Մենք չգիտենք՝ երբ ու ինչպես այս փոփոխությունները զարգացում կապրեն, բայց, իմ կարծիքով, այն կայունացման գործոն է հանդիսանում շատ պետությունների քաղաքական դաշտի համար»:

Պյոտր Սվիտալսկին նշել է, որ անցումը նախագահական մոդելից խորհրդարանական կառավարման համակարգի լուրջ նախադրյալներ ունի կուսակցությունների համար, գրում է Tert.am-ը:

Սվիտալսկին ասաց, որ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները պետք է լինեն առանցքային:

Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունների ընթացքում և դրանցից հետո, չնայած ակնհայտ խնդրահարույց խնդիրներին՝ կապված անվտանգության, հակամարտության իրական սպառնալիքի հետ, ՀՀ-ն ցույց կտա ընդհանուր արժեքների վաղեմության գաղափարը:

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ԵՄ ներկայացուցիչները չեն այցելում Արցախ, հաշվի առնելով նաև այն, որ նախօրեին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ՝ Երևանում, պատասխանել է. «Այդպիսի կտրուկ ձևակերպում չէի անի»:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ներկայացում են տվյալ երկրների իշխանությունները, այցելում են Ստեփանակերտ համապատասախան քննարկումների, օրակարգերի շրջանաում, իսկ հավելյալ այցելությունների մասին կարելի է պարզապես խոսել դիվանագիտական նպատակահարմության հետ կապված:

Մարտի 17-ին Հհ նախագահը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:Քննարկել են տնտեսական առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, անդրադարձել միջազգային արդի մարտահրավերներին, այդ թվում` սիրիական ճգնաժամին, Եվրոպայում լուրջ մարտահրավեր դարձած փախստականների խնդիրներին, ԵՄ անդամ պետություններում քաղաքական իրավիճակին և ԵՄ հարևանության քաղաքականությանը վերաբերող հարցերին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---