ԱԺ փոխխոսնակ. Այլ երկրի կառույցն արձանագրել է` հրադադարի խախտումը Բաքուն է սանձազերծել

ԱԺ փոխխոսնակ. Այլ երկրի կառույցն արձանագրել է` հրադադարի խախտումը Բաքուն է սանձազերծել

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը միասնական և համախմբված է աշխատել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն` անդրադառնալով հունիսի 2-3-ը տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին: Օրակարգում եղել է մի քանի կարևոր հարց, այդ թվում՝ ՀՀ-ՌԴ սոցիալտնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ԵՏՄ համագործակցության իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև ԼՂ-ում իրավիճակի զարգացմանը:

Հունիսի 2-3-ը տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը 27-րդ հերթական հանձնաժողովի նիստն էր, որի առաջին մասը տեղի է ունեցել Մոսկվայում, իսկ շարունակությունը՝ Կազանում:

«Չկար օրակարգային որևէ խնդիր, այդ թվում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, որոնց մասին մեր գործընկերները չխոսեին»,-ասել է փոխխոսնակը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Սերգեյ Մինասյանը մասնագիտական կերպով ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառները, նպատակները, այն միջազգային նորմերը և ստանձնած պարտավորությունները, որոնք խախտել է Ադրբեջանը: «Դրանից հետո քննարկմանը համազեկուցող ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ելույթ ունեցավ, ով ընդգծեց, որ խիստ մտահոգություն կա Ադրբեջանի կողմից սանձազերծած այդ հրադադարի ռեժիմի խախտումներ վերաբերյալ, վերահաստատեց ռուսական կողմի այն մոտեցումը, որ 94 թվականի հրադադարի պայմանագիրը հանդիսանում է միակ և անժամկետ փաստաթուղթը, որը բոլոր զարգացումների հիմքում է»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:

Հերմինե Նաղդալյանը հայտնել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը վերջում հանդես է եկել արձանագրությամբ, որտեղ առաջին անգամ այլ երկրի կառույցի մասնակցությամբ, արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծվել է հրադադարի ռեժիմի խախտում և հրադադարի խախտումները տեղի են ունեցել ԼՂ սահմանների ամբողջ երկայնքով և ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանում: «Սա, կարծում եմ, էական է»,-ասել է նա և նշել, որ վերահաստատվել են նաև ռուսական կողմի պնդումներն այն մասին, որ հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են, և իրենք չեն տեսնում ռազմական ճանապարհով հարցի լուծման հնարավորություն, այլ կարծում են, միակ հնարավորությունը խաղաղ ճանապարհով է՝ Մինսկի խմբի համանախագաների մանդատի ներքո:

Նա նշել է, որ բոլոր պատվիրակներն ակտիվ աշխատել են, և նրանց կողմից բազմաթիվ հարցեր են հնչել՝ այդ թվում Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ընկերներին չեն փոխում փողի հետ, Հերմինե Նաղդալյանն ասաց. «Ելույթում հնչել են հարցադրումներ, որոնք հաճախ հնչել են մեր կողմից և ամենակարևորն այն է, որ եթե որևէ մեկը մտածում և սպասում է, որ այս ամենի մեջ կան հակառուսական տրամադրություններ, դա այդպես չէ: Իրականում մենք աշխատանքային շահագրգիռ մասնակցությամբ քննարկումներ ենք անցկացրել»,-նշել է Հերմինե Նաղդալյանը և ավելացրել , որ հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունները կան և մնում են լուրջ հենարաններ, երաշխիքներ, և մենք ապագայում կշարունակենք կենսական նշանակության հարցերի լուծման համար:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---