Ղազախական Ակտոբեի ահաբեկիչները ցուցումներ են ստացել ԻՊ-ից

Ղազախական Ակտոբեի ահաբեկիչները ցուցումներ են ստացել ԻՊ-ից

PanARMENIAN.Net - 2016-ի հունիսի 5-ին ղազախական Ակտոբեում զենքի խանութների և զորամասի վրա հարձակում գործած ծայրահեղականները կատարել են «Իսլամական պետության» հոգևոր առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ Ադնանի ցուցումները: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը, հայտնում է Korrespondent.net-ը:

«Ալ Ադնանին հրահանգները տարածել է համացանցի միջոցով` կոչ անելով բռնի գործողություններ իրականացնել սրբազան Ռամադանից առաջ և ընթացքում: Այդ կոչն ինքնին արդեն վկայում է այդ խմբավորման այլասերվածությունը: Մենք գիտենք, որ այդ կոչերի միջոցով կարելի է գտնել անկայուն հոգեբանությամբ մարդկանց, որոնք ենթակա են ազդեցության»,-ասել է Իդրիսովը:

Այդպիսով, Ղազախստանի իշխանություններն առաջին անգամ ճանաչել են գրոհայինների կապը ԻՊ հետ: Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ ղեկավար Կալմուխանբետ Կասիմովը հայտարարել էր, որ Ակտոբեի վրա հարձակված ահաբեկիչները, հավանաբար, ցուցումներ են ստացել Սիրիայից:

Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին:

Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---