ԱԳ փոխնախարար. ՀՀ-ԵՄ գործակցության շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում

ԱԳ փոխնախարար. ՀՀ-ԵՄ  գործակցության  շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում

PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրամիություն շրջանակային համագործակցության փաստաթղթի շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

«ԵՄ հետ ավելի է աշխուժացել քաղաքական երկխոսությունը, տեղի են ունենում բարձրաստիճան փոխայցելություններ, բարձր մակարդակի քաղաքական շփումներ, հանդիպումներ են եղել ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատարի, ԵԽ նախագահի և այլոց հետ, որոնք առիթներ էին ամենաբարձր մակարդակով վերհանելու մեր համագործակցությանն առնչվող խնդիրները: ԵՄ հետ առանձնակիորեն քննարկվել են արևելյան գործընկերության վերանայված քաղաքականության ընթացքը: Հայկական կողմը ողջունել է, որ վերանայման գործընթացին ներգրավվել են նաև քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Նազարյանը, գրում է Tert.am-ը:

Նազարյանը տեղեկացրել է, որ 2015թ.-ին Ռիգային արևելյան գործընկերության երկրների չորրորդ գագաթաժողովին հաստատվեց մոտեցումը՝ որպես ԵՄ և մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշ, վերահաստատվեցին ԵՄ-ՀՀ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ ընդհանուր ըմբռնումը, ուղենիշները: Ռիգայից հետո էլ, ԱԳ փոխնախարարի խոսքով, Հայաստանը հետամուտ է եղել դրույթների կատարմանը, դրանց անշեղ իրականացմանը:

«2015թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում ազդարարվեց նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Արդեն կայացել են քաղաքական, ոլորտային, առևտրային հարցերի շուրջ բանակցային մի քանի փուլեր, որոնք ես կբնութագրեի արդյունավետ, գործընթացը դինամիկ:

Մեր նպատակն է բանակցությունների արդյունքում ձևավորել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարգավորող իրավական հիմք, որը կարտացոլի ԵՄ հետ նախորդ քննարկումների բովանդակությունը, այսօրվա մեր հարաբերությունների էությունը, խորությունը: Ակնկալում ենք տեսանելի ապագայում ավարտին հասցնել այս կարևորագույն գործընթացը»,- շեշտել է Նազարյանը:

Նազարյանը նհայտնել է, որ Եվրամիության հետ քննարկվում է նաև վիզաների ազատականացման հարցը՝ դրա գործողությունների ծրագրի կազմման, կիրառման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են մարդկային շփումների, գործարար կապերի դյուրացմանը:

Փոխնախարարը հայտնել է, որ ԵՄ հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում են Ավիացիոն ընդհանուր գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններ:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---