Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Թուրքիայի նախագահության թեկնածու Աբդուլլահ Գյուլին համարում է հուսալի գործընկեր

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր վեհաժողովը մայիսի 2-ին հաստատել է նախագահական ընտրությունների նոր ժամանակացույցը: Ընտրությունների առաջին փուլը կկայանա մայիսի 6-ին, հաջորդները` մայիսի 9-ին, 12-ին եւ 15-ին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ կպնդի վաղաժամ խորհրդարանական ընտրությունները հունիսի 24-ին անցկացնելու հարցում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլ օր է առաջարկել ` հուլիսի 22-ը: Մինչ այդ կառավարության ղեկավարը մտադիր է հասնել նրան, որ փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ: Նա, մասնավորապես, պահանջում է, որ նախագահն այսուհետ ընտրվի ուղղակի ժողովրդի կողմից, ոչ թե խորհրդարանի:



Նախօրեին Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեց նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, որը կայացավ անցած ուրբաթ: Նախագահի միակ թեկնածու` չափավոր իսլամիստ Աբդուլլահ Գյուլը, որին այդ պաշտոնում առաջադրել էր ներկայիս վարչապետ Էրդողանը, չկարողացավ հավաքել քվեների անհրաժեշտ քանակ: Գյուլը իշխող իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցության ներկայացուցիչն է: Մինչ այժմ նա եղել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:



Նախագահական ընտրություններում Գյուլին «խանգարեցին» հաղթել զինվորականները: Թուրքական բանակը, որը համարվում է աշխարհիկ կարգերի հիմնական հենքը, սպառնաց վարչապետին հեղաշրջմամբ, եթե նախագահ դառնա իր զինակիցն իշխող կուսակցությունից: Սահմանադրական դատարանը համարեց, որ անցած ընտրությունները «չեն համապատասխանում հիմնական օրենքին», քանի որ նախագահին «ընտրում էին» մեկ թեկնածուից: Ճիշտ է, երկրորդ թեկնածուն իշխող կուսակցության ներկայացուցիչ Էրսոնմեզ Յարբայը ինքն է հանել իր թեկնածությունը:



Այժմ բոլորին մտահոգում է այն հարցը, թե ինչով կավարտվի բանավեճը զինվորականների եւ չափավոր իսլամիստների միջեւ եւ չի վերաճի դա արդյոք ռազմական հեղաշրջման, ինչպես դա արդեն եղել է 1960, 1971 եւ 1980 թվականներին:



Մայիսի 3-ին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Թուրքիային աջակցելու անհրաժեշտության մասին: Նա նախագահության թեկնածու Անդուլլահ Գյուլին համարել է հուսալի գործընկեր, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---