ԱԺ-ում բարձրացվել են «Սասնա ծռերի», պատգամավորների այցելությունների, տարածքի կորստի հարցերը

ԱԺ-ում բարձրացվել են «Սասնա ծռերի», պատգամավորների այցելությունների, տարածքի կորստի  հարցերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը և մասնավորապես քրեակատարողական վարչությունը կոպտորեն խախտում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին 48-րդ հոդվածը և պատգամավորներին հնարավորություն չեն տալիս տեսակցել մի շարք անձանց:

«Խոսքը «Սասնա ծռերի» մասին է: Օրենքը հստակ սահմանում է, բայց այս ապօրինությունը ԱԺ պատգամավորների նկատմամբ որերորդ անգամ տեղի է ունենում: Ավելի կոպիտ խախտման է գնացել ԱԱԾ-ն, որը ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր պատգամավորի մուտքի և ելքի իրավունքը խոչընդոտել է», - ասել է Փաշինյանը, գրում է Aravot.am-ը:

Նա հորդորել է այս հարցը պահել ուշադրության կենտրոնում և համապատասխան պարզաբանում պահանջել ԱՆ-ից և ԱԱԾ-ից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դուք կարող եք ավելի հանգամանորեն ներկայացնել, թե ում եք ցանկացել դիտել: Որևէ բան չեմ տեսնում, որ մենք կարող ենք միջամտել՝ խնդիրը լուծելու համար»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրել է «Սասնա ծռերի» դեպքը և այն, որ ընդդիմադիր պատգամավորները ստորագրել էին արտահերթ նիստ հրավիրելու՝ հուլիսին տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ կապված.

«Ես ակնկալում եմ, որ հիմա օրակարգում մի կետ կմտցնենք և քննարկում կիրականացնենք»:

Ըստ Ուրիխանյանի, ԱԺ-ն պետք է արձագանքի ցուցարարների նկատմամբ իրականացված բռնություններին և պատասխանատվության կանչի իշխանության ներկայացուցիչներին՝ անգործության և այլ իրավախախտումների համար: Այս հարցին Սահակյանն արձագանքել է. «Մենք ինքներս էլ ենք շահագրգռված, որ ամեն ինչ ճիշտ ճանապարհով լուծվի: ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին պիտի ասեմ, որ քրեական գործ է հարուցվել և հակասահմանադրական է, որ հենց սկզբից ԱԺ-ն որոշում կայացնի: Մեր ամբողջ հասարակությունը ուշի-ուշով հետևում է այդ գործընթացի ավարտին»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ անդրադարձել է տարածքների կորստին. «Ե՞րբ եք պատրաստվում հատուկ նիստ հրավիրել, որպեսզի պատասխանատուներին կանչենք պատասխանատվության, որովհետև մի զգալի մաս մեր հայրենի հողից գտնվում է բռնազավթման մեջ Թուրքիայի կողմից, սա էլ՝ Ադրբեջանի, որը տեղի ունեցավ մեր իշխանությունների անպատասխանատու վարքագծի հետևանքով:

Մենք իրենց պետք է կանչենք պատասխանատվության, որ կանխենք ապագա այսպիսի իրավիճակների հանգեցումը»:

Փոստանջյանի դիտարկմանը Սահակյանը պատասխանել է. «Անհրաժեշտ է թուղթ գրել, տեսնենք ի՞նչ պիտի լուծի ԱԺ նիստը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---