Աշխարհում գրեթե 385 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ

Աշխարհում գրեթե 385 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ

PanARMENIAN.Net - Ըստ Համաշխարհային բանկի խմբի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր համատեղ վերլուծության, երկու անգամ ավելի հավանական է, որ երեխաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, քան մեծահասակները:

«Վերջ դնենք ծայրահեղ աղքատությանը՝ կենտրոնանալով երեխաների վրա» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013թ.-ին զարգացող երկրներում բնակվող երեխաներն ապրել են այնպիսի տնային տնտեսություններում, որոնք գոյատևել են օրական 1.90 կամ պակաս ԱՄՆ դոլարով՝ մեծահասակների 9.2 տոկոսի դիմաց:

Աշխարհում գրեթե 385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

Երեխաներն այս ազդեցությունը կրում են անհավասար կերպով՝ կազմելով ուսումնասիրության ենթարկված բնակչության մեկ երրորդը, սակայն ծայրահեղ աղքատների կեսը: Ամենափոքր երեխաները ամենավտանգվածն են՝ հինգ տարին չլրացած երեխաների մեկ հինգերորդը զարգացող երկրներում ապրում է ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում:

«Ոչ միայն ավելի հավանական է, որ երեխաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, այլև՝ աղքատության ազդեցությունը ամենավնասակարն է երեխաների համար: Նրանք ամենախոցելիների մեջ ամենախոցելին են, իսկ ամենափոքր երեխաները վատթարագույն վիճակում են, քանի որ իրենց կողմից կրած զրկանքների արդյունքում վտանգվում է իրենց ֆիզիկական և մտավոր զարգացումը», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Ենթասահարյան Աֆրիկայի երեխաների կեսը և հինգից մեկը զարգացող երկրներում մեծանում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Սա ոչ միայն սահմանափակում է իրենց ապագան, այլև՝ զարգացումից հետ է պահում իրենց հասարակությունը»:

Նոր վերլուծության հրապարակումը հաջորդում է Համաշխարհային բանկի խմբի նոր կարևորագույն ուսումնասիրությանը՝ «Աղքատությունը և բարեկեցություն բոլորին 2016՝ անդրադառնալով անհավասարությանը», ըստ որի, աշխարհում 367 միլիոն մարդ 2013թ.-ին օրական ապրել է 1.90 ԱՄՆ դոլարով, որոնց կեսը 18 չլրացած երեխաներ ու դեռահասներ են:

Աղքատության համաշխարհային գնահատականը հիմնված է 89 երկրից հավաքագրված տվյալների վրա և ներկայացնում է զարգացող երկրների բնակչության 83 տոկոսը:

Ենթասահարյան Աֆրիկային է բաժին ընկնում թե՛ ծայրահեղ աղքատության մեջ ապրող հինգ տարին չլրացած երեխաների 50 տոկոսը, թե՛ աշխարհի ծայրահեղ աղքատ երեխաների 50 տոկոսից ավելին: Հարավային Ասիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 36 տոկոսով, միայն Հնդկաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 30 տոկոսով: Ծայրահեղ աղքատության մեջ ապրող յուրաքանչյուր 5 երեխայից 4-ն ապրում են գյուղական բնակավայրերում:

Ի լրումն, զեկույցը բացահայտում է, որ նույնիսկ ավելի բարձր շեմերում աղքատությունը ոչ հավասար կերպով է ազդում երեխաների վրա: Երեխաների գրեթե 45 տոկոսը ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ յուրաքանչյուրին բաժին է ընկնում օրական 3.10 ԱՄՆ դոլար՝ մեծահասակների 27 տոկոսի դիմաց:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Համաշխարհային բանկի խումբը կոչ են անում կառավարություններին՝շարունակաբար չափել մանկական աղքատությունն ազգային և տարածքային մակարդակներում և կենտրոնանալ երեխաների վրա՝ աղքատության նվազեցման ծրագրերում՝ որպես մինչև 2030թ. աղքատության վերացման ջանքերի մաս ուժեղացնել երեխայակենտրոն սոցիալական պաշտպանության համակարգերը՝ ներառելով կանխիկ դրամային փոխանցումներ, որոնք ուղղակիորեն են օգնում աղքատ ընտանիքներին վճարել սննդի, առողջապահական ծառայությունների, կրթության և այլ ծառայությունների համար, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում են երեխաներին աղքատության ազդեցությունից և լրացուցիչ հնարավորություններ տալիս երեխաներին աղքատության ճիրաններից դուրս գալու իրենց իսկ կյանքի ընթացքում:

Առաջնություն տալ կրթության, առողջապահության, մաքուր ջրի, սանիտարական պայմանների և ենթակառուցվածքի ոլորտներում արվող ներդրումներին, որից կշահեն ամենաաղքատ երեխաները, ինչպես նաև նրանք, ովքեր օգնում են երեխաներին նորից աղքատության գիրկը չընկել այնպիսի դեպքերից հետո, ինչպիսիք են երաշտները, հիվանդություններն ու տնտեսական անկայունությունը:

Այնպիսի քաղաքական որոշումներ մշակել, որոնց արդյունքում տնտեսական աճից կօգտվեն ամենաաղքատ երեխաները:

Կարդացեք նաև՝ ՅՈՒՆԻՍԵՖ. Հայաստանում երեխաների գրեթե 1/3-ն աղքատ է և խոցելի

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---