Ռուսական քաղաքականությունը Կովկասում հիմնված է սխալ թեզերի վրա

PanARMENIAN.Net - «2006 թվականին Մոսկվային հաջողվեց հաղթահարել գունավոր հեղափոխությունների առաջացրած շոկը, հասկանալով, որ Ադրբեջանում եւ Հայաստանում սպառնալիքներ կային, բայց հեղափոխություն չեղավ: Ռուսաստանն ակտիվ էր նաեւ էներգետիկ քաղաքականության առումով, այդ պատճառով այժմ սկսել են խոսել Ռուսաստանի էներգետիկ իմպերիալիզմի մասին»,-Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների առումով դա Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ կոշտ ճնշման շրջան էր, որն արտահայտվեց գազի սակագների կրկնակի բարձրացմամբ: «Ռուսական ակտիվությունը հետխորհրդային տարածքում, մասնավորապես, այս տարածաշրջանում, էական եւ շոշափելի արդյունքներ չտվեց, քանի որ հիմնված էր մի քանի սխալ թեզերի վրա: Առաջինը` աշխատել պետք է միայն իշխանությունների հետ, բոլոր քաղաքացիները, ողջ քաղաքական խավը հետաքրքիր չէ, քանի որ կան իշխանության մեջ գտնվող արդեն ընտելացած գործընկերներ: Երկրորդը` «գունավոր» հեղափոխությունների ոչ համարժեք վախը: Ռուսական քաղաքականությունը բարձրացրեց առասպելականության աստիճանը, քանի որ որքան հնարավոր է կարելի չսիրել Սահակաշվիլուն, սակայն չի կարելի ասել, որ նա ԱՄՆ-ի խամաճիկն է, չի կարելի ասել, որ նրա հետ անհնար է աշխատել, հարկավոր չէ Աբխազիան սկուտեղի վրա մատուցել, կան համագործակցության նաեւ այլ ոլորտներ` տնտեսություն, սահմանի չեչենադաղստանյան հատվածի համատեղ հսկում»,-նշել է ռուս քաղաքագետը: Մարկեդոնովը համարում է, որ չի կարելի հույսը դնել խորհրդային ձեռքբերումների վրա: «Ամեն ինչ փոխվում է` 20 դարի սկզբին դաշնակները հակառուսական կուսակցություն էին, իսկ այժմ, իշխանության մեջ գտնվելով, ռուսամետ են: Հայաստանը 80-ականների ամենահակախորհրդային հանրապետություններից մեկն էր, հարկավոր չէ Հայաստանում որոնել ռուսամետ եւ արեւմտամետ ուժեր, այստեղ կան միայն հայամետ ուժեր, եւ նրանք կօգտագործեն եւ Ռուսաստանը, եւ Արեւմուտքը իրենց ազգային շահերից ելնելով»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---