Շիա զինյալները 5 գյուղ են ազատագրել Մոսուլի մատույցներում

Շիա զինյալները 5 գյուղ են ազատագրել Մոսուլի մատույցներում

PanARMENIAN.Net - Շիա զինյալների «Բադրա կազմակերպություն» խմբավորման գրոհայինները հայտարարել են Մոսուլի մատույցներում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից 5 գյուղ ազատագրելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով:

«Բադրա կազմակերպության» և Ալի ալ Աքբար բրիգադի ուժերը 5 գյուղ են ազատագրել Մոսուլից դեպի արևմուտք ընկած տարածքում»,-մեջբերել է հեռուստաալիքը կազմակերպության հայտարարությունը: Ազատագրված բնակավայրերի թվում են Ֆարֆարա, Իմամ Համզա, Ումմ Սիջան գյուղերը:

Շիա զինյալները նաև թունելների մեծ ցանց են հայտնաբերել Մոսուլի արվարձանում: Այդ թունելների ցանցում կա կապի կենտրոնացված համակարգ, պայթուցիկ նյութերի պահեստարան: «Թունելների ցանցն ամբողջությամբ ականապատված է, այն կվնասազերծվի»,-հայտարարել է շիաների կազմակերպությունը:

Անկարան դեմ է շիաների մասնակցությանը ԻՊ-ից Մոսուլի ազատագրմանը: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Շիա կամավորականների մասնակցությունն ԻՊ-ից քաղաքի ազատագրմանը խաղաղություն ու հանգստություն չի բերի: Կրոնական հողի վրա տարաձայնությունները կշարունակվեն և դա նոր բախումների կհանգեցնի: Տեղաբնակ սունիներին պետք չէ ԻՊ և շիա կամավորականների միջև ընտրության առջև կանգնեցնել»,-ասել էր Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի ռազմաօդային ուժերը Մսոուլում ավիահարվածով ոչնչացրել են ԻՊ հետ կապակցված «Ջունդ ալ Խալիֆա» խմբավորման պարագլուխներից մեկին:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---