Լուի Պուզենը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակակիր

Լուի Պուզենը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենն արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակին: Նախագահի նստավայրում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակակրի և նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի, տրվել է ընդունելություն:

Նախագահականից հայտնում են, որ համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչև այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, իսկ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարի մրացանակին արժանացած անվանի գիտնական Լուի Պուզենի կենսագրությունը, նրա ներդրումը ՏՏ ոլորտում:

Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Լուի Պուզենին և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

«Պարոն նախագահը շատ հաճելի խոսքեր շռայլեց իմ հասցեին, և իմ կարծիքով, պետք է միասին նայենք ապագային, քսան տարի հետո ինչ կլինի ինտերնետին մենք չգիտենք: Ներկայումս մեծ մարտահրավեր է այն ապահով դարձնելը, անվտանգ դարձնելը, այսինքն՝ ավելի համապատասխանեցնելը մարդկանց կարիքներին, և դա ժամանակ է պահանջում, էներգիա, աշխատանք և նպատակադրվածություն ընդունելի հավասարակշռությանը հասնելու համար՝ արդյունաբերության, հետազոտության, տեխնոլոգիայի, սոցիոլոգիայի և այլ ոլորտներում: Որոշակի համատեքստում փորձենք խուսափել շահերի բախումից: Պետք է հաշվի առնենք, որ կյանքը ավելի հետաքրքիր է, քան մահը, ուստի պետք է առաջ շարժվել, փորձել դժվարությունները հաղթահարել, և հաջորդ տասը տարիների ընթացքում, երևի, հասարակությունը պետք է իրեն համապատասխանեցնի ինտերնետային դարաշրջանին»,- ասել է «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը:

Իր հերթին Սարգսյանը նշել է, թե իր համար պատիվ է այդ մրցանակը Լուի Պուզենին շնորհելը:

«Մի օր կատակով մեկն ասաց, որ ինտերնետ համաշխարհային ցանցը ստեղծվել է հենց հայերի համար, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայերը կարողանան ավելի արագ կապ հաստատել միմյանց հետ և համատեղ ծրագրեր մշակեն ու իրականացնեն, այսպես ասած, հայկական աշխարհը: Պարո՛ն Պուզեն, մենք դրա համար, իհարկե, շատ շնորհակալ ենք Ձեզ: Իսկ առանց կատակի՝ պիտի ասեմ հետևյալը. Դուք այն մարդկանցից եք, որոնք իրականություն են դարձրել մարդկության պատմության մեծագույն տեխնիկական հեղափոխություններից մեկը: Համացանցի ստեղծման հետ կարող են համեմատվել կրակի, մետաղի մշակման, գրատպության գյուտերը: Դրանք իսկապես դարակազմիկ իրադարձություններ են եղել, որոնք փոխել են ողջ աշխարհի վարքն ու նկարագիրը: Դուք նրանցից մեկն եք, ով փոխել և շարունակում է փոխել աշխարհը»,- ասել է նախագահը՝ շեշտելով, որ մրցանակը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն:

«Պատճառը միայն այն չէ, որ նոր սերնդին ցանկանում ենք արժանավոր օրինակներ ցույց տալ: Պատճառներն ավելի խորն են: Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում մեր կրթությունը, գիտությունը, տնտեսությունը և ընդհանրապես ողջ հասարակությունը աշխարհի հետ համատեղ քայլելու անհրաժեշտություն ունի և միայն տեղեկատվական արդիական տեխնոլոգիաներով զինված լինելու դեպքում դա կարող է անել: Ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում մրցունակ լինելը, եթե շատերի համար բարեկեցության հարց է, ապա մեզ համար նաև ազգային անվտանգության հարց է: Մեր ապագայի տեսլականն այս համատեքստում է: Եվ Դուք մեզ համար հյուր եք ապագայից»,- ասել է նա՝ ևս մեկ անգամ շնորհավորելով պարոն Պուզենին մրցանակին արժանանալու առթիվ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---