Հայաստանը հետամուտ է եղել ՅՈՒՆԵՍԿՈ-ի շրջանակներում մշակութային հուշարձանների գնահատման նպատակով տարածաշրջան նախատեսվող այցի հաստատմանը

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՈ-ի շրջանակներում մշակութային հուշարձանների գնահատման նպատակով տարածաշրջան նախատեսվող այցի մասին ՀՀ-ն ոչ միայն տեղյակ է, այլեւ ինքն է հետամուտ եղել դրա հաստատմանը: Այդ մասին PanARMENIAN.NET-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Գաղտնիք չէ, որ հայկական հուշարձանները Ադրբեջանի տարածքում, հատկապես` Նախիջեանում սիստեմատիկ բնաջնջման են ենթարկվում: Այդ մասին բազմիցս բարձրաձայվել է ՀՀ ղեկավարության կողմից թե ՅՈՒՆԵՍԿՈ-ի շրջանակներում, որն ունի մշակութային հուշարձանների պահպանման ու պաշտպանության հանձնառությունն ամբողջ աշխարհում, եւ թե ՄԱԿ-ում ու Եվրոպական կառույցներում»,-ասել է Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակներ են ուղարկվել ինչպես 1998 թ.-ին, այնպես էլ 2002 թ.-ին ու 2005 թ.-ին` ներկայացնելով իրավիճակն ու կոչ անելով միջոցներ ձեռնարկել Նախիջեւանի հայկական հուշարձանների դեմ մշակութային եղեռնին վերջ տալու նպատակով: «2006թ.-ին` Նախիջեւանում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի միտումնավոր ոչնչացման փաստի վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ ձեռնարկված բազմաթիվ քայլերն ի վերջո օգնեցին լռության սառույցը կոտրել:



2006թ նոյեմբերին ՀՀ ԱԳ նախարարը կրկին անգամ նամակով դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որտեղ նորից է վերջինիս ուշադրությունը հրավիրել խնդրո հարցին եւ դատապարտել ադրբեջանական կողմի պահվածքը` մշակութային հուշարձանների գնահատման առաքելությամբ Եվրոպական պառլամենտի անդամների մուտքը տարածաշրջան մերժելու կապակցությամբ: Պարոն Օսկանյանը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը չի արժանանա նմանատիպ վերաբերմունքի, նշելով որ Հայաստանը իր հերթին պատրաստ է քննարկելու Հայաստան եւ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների համաձայնության դեպքում, ԼՂ փաստահավաք առաքելություն կազմակերպելու հարցը` այնտեղ գտնվող այլազգի մշակութային հուշարձանների վիճակի ուսումնասիրման նպատակով: Հայաստանը մեծապես կարեւորում է հուշարձանների պահպանման վիճակի գնահատման առաքելության այցը Նախիջեւան»,-ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը:



Նշենք, որ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի խոսքերով, այցի ժամկետը պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ: «Հենց որ Հայաստանը տա իր համաձայնությունը, առաքելությունը կժամանի տարածաշրջան: Ադրբեջանական կողմն ավարտել է բոլոր նախապատրաստական աշխատանքները»,-ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---