ԼՂՀ ղեկավարը քննարկել է Ղարաբաղի հարցը Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունել է հայ եւ ադրբեջանական մտավորականության պատվիրակությանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ-Օղլիի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում, արցախյան մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ նշվել է հակամարտության կողմերի ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի եւ երկխոսության բարելավման անհրաժեշտությունը:



Արկադի Ղուկասյանը ընդգծելով դեսպանների նախաձեռնության կարեւորությունը, նշել է, որ դա կարող է առողջ եւ կառուցողական միջավայր ձեւավորել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի շուրջ: Նա նորից հաստատել է Ղարաբաղի դիքորոշումը, որ արհեստականորեն ստեղծվող անհանդուրժողականությունն ու պատերազմի կոչերը միայն խոչընդոտում են խնդրի լուծմանը:



Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ կողմերի մտավորականության ներկայացուցիչների երկխոսությունը կշարունակվի ապագայում եւս` ավելի լայն շրջաններ ներգրավելով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---