Վարչապետ. Անհրաժեշտ է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար միջավայր բիզնեսի համար

Վարչապետ. Անհրաժեշտ է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար միջավայր բիզնեսի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է, որպեսզի իր գլխավորած կառավարությունը ձևավորի ստեղծարար և ձեռներեց մտքի տեր անձանց համար գրավիչ միջավայր: Այդ մասին վարչապետն ասել է Financial Times-ի FDI MAGAZINE պարբերականին տված հարցազրույցում:

Հարցազրույցում վարչապետը մատնանշել է այն գերակայությունները, որոնց ցանկանում է անմիջապես անդրադառնալ՝ որպես վարչապետ: Նա նշել է, որ վարչապետի աշխատանքը ենթադրում է, որ ցանկացած խնդիր գերակա է. տնտեսական աճ, սոցիալական հարցեր, առողջապահություն և պայքար կոռուպցիայի դեմ. չի կարելի ասել, թե այս ոլորտը գերակա է, իսկ մյուսը՝ երկրորդային:

«Ըստ իս՝ ահա թե որն է մեր առաջին գլխավոր խնդիրը. մեզ անհրաժեշտ է կապ հաստատել հասարակության հետ, որպեսզի մեր ազգը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկվող ազդակներին: Դա վերաբերում է թե´ տնտեսվարողներին, թե´ հանրության լայն շրջանակներին: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցը լինի և սատարի մեր առաջարկած ծրագրերին»,-ասել է նա:

Անդարդառնալով տնտեսական նախաձեռնություններին և ծրագրերն` Կարեն Կարապետյանն ասել է, որ ներկայացվել է կառավարության ծրագիրը, ուստի ինքը կշեշտի մի քանի հիմնական թեմաներ:

«Առաջինը. մեզ անհրաժեշտ է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար միջավայր բիզնեսի համար: Վստահ ենք, որ մեր ազգի ստեղծարար ներուժը և գործարար ձիրքը թույլ կտան մեր բիզնեսներին շատ արագ տեմպերով աճել նման միջավայրում: Ավելին, եթե հստակ ազդակներ ուղարկենք, օտարերկրյա ներդրողները նույնպես կարձագանքեն և մուտք կգործեն մեր շուկա, եթե վստահություն տածեն խաղի կանոնների հանդեպ:

Երկրորդը. հաշվի առնելով մեր տնտեսության ներկայիս վիճակը՝ մենք խթանելու ենք բիզնեսներին, թերևս, կառավարության համար ոչ այնքան ավանդական եղանակով. պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում կտրամադրեն տարբեր ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ՓՄՁ-ներին և այլն:

Երրորդը. ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ մասնավոր և պետական հատվածների տաղանդաշատ ներկայացուցիչների հետ քննարկելու և մշակելու ենք երկարաժամկետ ռազմավարություններ, ծրագրեր և բարեփոխումներ, ի վերջո՝ որոշելու ենք, թե ինչ ուղղությամբ է ընթանալու Հայաստանը»,-ասել է վարչապետը:

Ամփոփելով նա նշել է, որ ստեղծվելու են առավել նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծարար և եռանդուն անհատների համար՝ նրանց տեսանելի դարձնելով ապագայի հորիզոնները, որպեսզի բոլորը մասնակից դառնան այդ ապագան կերտելու գործին: «Ցանկանում ենք բոլորին ցույց տալ մեր երազանքների երկիրը»,-ասել է նա:

Կարապետյանը հավելել է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները հույժ կարևոր են ՀՀ համար՝ ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումների, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից: Խոսելով մասնավորեցման մասին` նա ասել է, որ Հայաստանը նախկին խորհրդային պետությունների շարքում առավել ազատական պետություններից է: «Պետական գույքի ծավալն իսկապես շատ փոքր է:Այնուհանդերձ, վստահ եմ, որ մասնավոր կառավարումը միշտ պետականից ավելի լավ է. այն նվազեցնում է կոռուպցիայի ռիսկերը, բարձրացնում օգտակար գործողության գործակիցը և այլն: Ուստի, մտադիր ենք բիզնեսի տրամաբանություն ունեցող ամեն բան, բացառությամբ շատ առանձնահատուկ ոլորտների, ինչպիսիք են անվտանգությունը և պաշտպանությունը, կա´մ մասնավորեցնել, կա´մ հանձնել մասնավոր կառավարման»,-նշել է վարչապետը:

Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հետաքրքիր է և գրավիչ. այն լի է հրաշալի ներուժով և հնարավորություններով: Գյուղատնտեսության, ոսկեգործության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները նույնպես օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մեծ ներուժ ունեն:

Անդրադառնալով տարածաշրջանի խրթին աշխարհաքաղաքականությունը և այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է ի հեճուկս դրան ավելացնել տնտեսական ինտեգրումը` վարչապետն ասել է. «Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, ապա մեր գործողություններով և քաղաքականությամբ միանշանակորեն հղելու ենք այն ազդակը, որ մենք շատ ազնիվ և անկեղծ ենք մեր գործընկերների հետ: Մեկ պետության հետ չենք համագործակցելու՝ ի վնաս այլ պետությունների: Մեր պետության և մեր հարևան պետությունների չափը մեզ համար հիմնավորում են այն մոտեցումը, որ մեզ պետք է իսկապես կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ տեսանկյունից, կարծում եմ, տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ կբացահայտի մեր բիզնեսների համար»:

Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է բոլորին համոզել, որ հայերը շատ հանդուրժող ազգ են, թեպետ բոլորը ճանաչում են որպես հակամարտության կողմի: «Կարծում եմ, որ մեր կենսակերպն ապացուցում է դա, քանի որ մեր ազգի երեք քառորդն ապրում է արտերկրում՝ որպես այլ պետությունների օրինապահ քաղաքացիներ: Մենք բավարար չափով զգացել ենք պատերազմների հետևանքները, որպեսզի շատ զգայուն լինենք խաղաղության արժեքի նկատմամբ, և մեզ շատ է մտահոգում մեր անվտանգությունը»,-հավելել է նա:

Պարբերականի խնդրանքով Կարեն Կարապետյանը նշել է, թե իր կարծիքով ինչ պետք է իմանան այլ պետությունների քաղաքացիները և ընկերությունները Հայաստանի մասին, որը նրանք հնարավոր է դեռևս չգիտեն: «Մենք գիտենք խաղաղության արժեքը և շատ երախտապարտ ենք մեր բարեկամներին: Պետականություն ունեցող ամենահին ազգերից մեկն ենք: Երևանը Հռոմից 50 տարով ավելի հին է: Երևանում շատ մոտ գտնվող Շենգավիթի տարածքը 6000 տարեկան է՝ քաղաքակրթություն, որը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Տպագրություն նախաձեռնած առաջին պետությունների շարքում ենք եղել: Գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում ենք գալ Հայաստան, հյուրընկալվել մեզ մոտ և դառնալ մեր բարեկամը»,-ասել է վարչապետը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանի կառավարության ծրագիրը:

Նախաբանում նշվում է, որ ՀՀ մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Անհրաժեշտ է արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---