ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ունակ չէ լուծելու Կոսովոյի խնդիրը

PanARMENIAN.Net - Նյու Յուրքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը կրկին ասել է, թե մտահոգված է Կոսովոյի ապագա կարգավիճակը որոշելու ԱԽ-ի անկարողությամբ: Պան Գի Մունը հայտարարել է լրագրողներին, թե, իր կարծիքով, հետագա ձգձգումներն այս հարցում չափազանց անցանկալի են եւ կարող են բացասաբար անդրադառնալ ոչ միայն Բալկանների, այլ նաեւ ողջ Եվրոպայի խաղաղության եւ անվտանգության վրա: «Ես հուսով եմ, -ասել է նա, որ ԱԽ անդամները կկարողանան լուծել այդ խնդիրը իմ հատուկ ներկայացուցչի եզրակացությունների հիման վրա: Ես ինքս եմ քննարկել այդ հարցը ԱԽ անդամ պետությունների ղեկավարների մեծամասնության հետ, ներառյալ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին: Ախտիսաարիի առաջարկները պարունակում են այն բոլոր տարրերը, որոնք անհրաժեշտ են Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման համար: Ընդ որում ՄԱԿ-ի ղեկավարը չի գտնում թե «փաստացի անկախության տրամադրումը Կոսովոյին օրինակ կծառայի այլ երկրների անջատողականների համար»: Մինչդեռ, Մոսկվան արդեն իսկ հայտարարել է թե չի աջակցի Կսովոյի վերաբերյալ բանաձեւի նոր նախագծին եւ հանդես կգա Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ նոր բանակցությունների անցկացման օգտին, նոր միջնորդությամբ: «Մենք գտնում ենք, որ Ախտիսաարիի պլանը տապալվել է: Անհրաժեշտ են նոր անաչառ բանակցություններ նոր անաչառ միջնորդի մասնակցությամբ: Մենք այդ մասին ասում ենք Անվտանգության Խորհրդին»,-հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:



Իր հերթին, Սերբիան պատրաստ է լուծել Կոսովոյի խնդիրը բաց երկխոսության եւ ալբանական կողմից փոխզիջումների միջոցով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սերբիայի դեսպան Ստանիմիր Վուկիչեւիչը: Նրա խոսքերով, Կոսովոն եւ Մետոխիան շատ նուրբ թեմա են Սերբիայի համար, քանի որ կազմում են Սերբիայի տարածքի 15 տոկոսը: «Ուստի մենք լիիրավ ենք պահպանելու Սերբիայի տարածքային ամբողջականությունը: Մեր պայքարը հիմնված է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի խարտիայի վրա, որը երաշխավորում է միջազգայնորեն ճանաչված պետությունների տարածքային ամբողջականությունը: Սերբիան պատրաստ է լուծել Կոսովոյի խնդիրը բաց երկխոսության եւ ալբանական կողմից փոխզիջումների միջոցով, սակայն մենք դեմ ենք պարտադրված միակողմանի որոշմանը, քանի որ համոզված ենք, որ նման որոշումը չի նպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---