Նախագահ. Մեկ սկզբունքով ենք առաջնորդվում՝ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի Արցախի բնակչությունը

Նախագահ. Մեկ սկզբունքով ենք առաջնորդվում՝ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի Արցախի բնակչությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, միջազգային կազմակերպություններում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր երկրի ակտիվ ներգրավվածության արդյունքում իրականացված աշխատանքներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիվանագիտության ջանքերին:

«Այսօր Հայաստանն աշխարհին ներկայանում է ուրույն արտաքին քաղաքականությամբ` կառուցողական, հավասարակշռված, սկզբունքային և վստահելի դիվանագիտությամբ։

Ով ծանոթ է դիվանագիտության մեր ձեռագրին՝ գիտի, որ Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» սկզբունքով: Հայաստանը ձգտում է իր ներդրումն ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման, փոխշահավետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ու մշակույթների միջև երկխոսության կամուրջներ հաստատելու գործում։ Դրա վկայությունն են Հայաստանի ակտիվ ընդգրկվածությունն ինտեգրացիոն գործընթացներում, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ակտիվ ներդրումը միջազգային կազմակերպությունների օրակարգում»,- ասել է նախագահը՝ շեշտելով, որՀայաստանի դիրքորոշումներն ու տեսակետն ընկալելի և ըմբռնելի են միջազգային հանրության կողմից՝ շնորհիվ մեր հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, շնորհիվ դիվանագետների սկզբունքային արտաքին քաղաքականության:

«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները հենց դրա մասին են վկայում: Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունն ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները: Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ:

Անշուշտ, սա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում:

Այստեղ տեղին է նշել, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ: Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք, և սա շատ հասկանալի ու ընկալելի է, բայց երբ նրանք փորձում են մտնել մանրամասների մեջ, ապա միանգամից սայթաքում են և սկսում են խոսել ցանկությունների մասին: Դիվանագիտությունը ցանկություն չէ՛: Բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն: Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել: Ինչու՞ մենք, իմանալով բոլոր մանրամասները, որովհետև մենք ենք բանակցողները, մեր հանրությանը մանրամասների մասին տեղյակ չենք պահում: Առնվազն երկու պատճառով. դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Եվ եթե հիմա մենք ամեն անգամ բանակցություններից վերադառնալուց հետո մեր ժողովրդին ասենք՝ այս նախադասությունը, այս միտքը այսպես է ձևակերպված, ապա երկու շաբաթ հետո, երբ ինչ-որ բան փոփոխվի, նորից պիտի սկսենք բացատրել, թե ինչու է փոխվել և այլն: Բայց դա էական չէ: Էականը հետևյալն է. մենք 2007 թվականից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու»,- շեշտել է Սարգսյանը:

Մեր դիվանագիտությունը, նախագահի խոսքով, միջազգային հանրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները: Հայաստանի ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին շարունակում է աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանը խաղաղության ջատագովն է։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան թանկ է խաղաղությունը: Եվ պատահական չէ, որ այսօր մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներն են հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի չկիրառումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։

Նախագահը խոսել է նաև առաջիկա ընտրությունների մասին՝ նշելով, որ արտաքին քաղաքականության արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է երկրի կառավարման արդյունավետությամբ.

«Վստահ եմ, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու համար: Ուրախ եմ, որ անցնող տարում մենք ականատեսը եղանք քաղաքական հասունության օրինակի, երբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կարողացան միակարծություն, ավելի ստույգ՝ կոնսենսուս ձևավորել ընտրական գործընթացների օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ:

Այս առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային դոնորների ցուցաբերած ֆինանսական և խորհրդատվական աջակցության համար: Հայաստանի իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ` հույս ունենալով, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները: Այդ գործընթացում մենք սերտորեն համագործակցելու ենք միջազգային հանրության հետ՝ ակնկալելով վերջինիս կառուցողական, պատասխանատու, անկողմնակալ ներգրավվածությունը»:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---