Չի բացառվում, որ Թուրքիայում կարող են աճել հակաքրիստոնեական եւ հակահայկական տրամադրությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունն էապես ամրապնդեց իր դիրքերը: Կայացած ընտրությունների արդյունքներն ասում են այն մասին, որ նա վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Ներկայումս բարելավվել է երկրի տնտեսական վիճակը եւ աճում է ժողովրդի բարեկեցությունը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, ԱԶԿ-ի կուրսը ներքին քաղաքականության ասպարեզում կշարունակվի: «Արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան կձգտի անդամակցել ԵՄ-ին, սակայն այդ ակնկալիքներին զուգահեռ սպասվում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա` հարաբերությունների բարելավում արաբական երկրների, մասնավորապես, Իրանի հետ»,-նշել է Սաֆրաստյանը:



Միեւնույն ժամանակ Ռ.Սաֆրաստյանը նշել է, որ Ազգային շարժման կուսակցության («գորշ գայլեր») հավաքած 14 տոկոսը վկայում է այն մասին, որ Թուրքիայում ուժեղանում են պանթուրքական եւ ազգայնամոլական միտումները, հատկապես «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: «Այս ամենի լույսի ներքո, չի բացառվում, որ Թուրքիայում կարող են աճել հակաքրիստոնեական եւ հակահայկական տրամադրությունները, ինչը կարող է անդրադառնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Նույնիսկ չի բացառվում, որ նոր կառավարությունը զինվորականների եւ «գորշ գայլերի» ճնշման տակ ցանկանա ռազմական ճանապարհով լուծել Քրդական աշխատավորական կուսակցության` PKK խնդիրը: Հնարավոր է նույնիսկ ներխուժում Հյուսիսային Իրաք: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այստեղ ոչ մի փոփոխություն չի ակնկալվում»,-ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---