Անկարան եւ Թեհրանը Ղարաբաղից բացի իրենց խնդիրներն ունեն

PanARMENIAN.Net - Թեհրանը ժամանակ չունի զբաղվելու Ղարաբաղով եւ հազիվ թե Ադրբեջանի դիրքորոշումը լրջորեն ազդի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիմակայության վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Աշխարահաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Անոխինը: Նրա խոսքերով, «Բաքվում առկա տրամդրությունները չեն բավարարում Իրանին, քանի որ նախագահ Ալիեւը ենթակա է արեւմտյան ազդեցությանը: «Իսկ ամերիկացիներին դուր չի գալիս, որ ձգձգվում է ռազմակայանների տեղակայումը: Իրանի ադրբեջանցիները հազիվ թե կարողանան ազդել Թեհրանի քաղաքականության վրա: Նրանց համար շահավետ չէ խնդիրներ ստեղծել երկրի հյուսիսում ի շահ Ադրբեջանի, որտեղ քաղաքական իրավիճակը եւս անկայուն է»,-նշել է Անոխինը:



Միեւնույն ժամանակ Վ.Անոխինը նշել է, որ Ադրբեջանի կողքին միշտ կանգնած է շահագրգիռ Թուրքիան, որն ավանդաբար սատարում է Բաքվին: «Հուսալ, թե նա կփոխի իր տեսակետը խնդրի շուրջ, ծիծաղելի է, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական սրված հարաբերությունները: Քանի որ Հայաստանում տեղակայված են ռուսական բանակի զորամասերը, ռազմական ճանապարհով ազդել իրադրության վրա Անկարան չի կարող: Փոխարենը նա չի վարանի քաղաքական, տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Թեեւ առաքման ուղիները սահմանափակ են հաղորդակցության անմիջական ուղիների բացակայության պատճառով: Օսմաններն ընդհանուր սահման ունեն միայն Նախիջեւանի հետ, որն ինքը անկլավ է եւ ցամաքային կապ չունի Բաքվի հետ: Սակայն, անշուշտ, այստեղ կարող է միջամտել Իրանը: Քանի որ Նախիջեւանը սահմանակից է Թուրքիային, ապա նոր պատերազմի դեպքում, նրան ոչ մի սարսափելի բան չի պատահի: Անկարան ըստ Կարսի պայմանագրի պարտավոր է պաշտպանել այդ մարզը: Եվ ոչ ոք նախկին խանության վրա չի հարձակվի, եթե նա ինքը չգրոհի Հայաստանին: Այս դեպքում ինքնաբերաբար ուժի մեջ են մտնում Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունները: Սակայն Թուրքիան մեծ ակտիվություն չի ցուցաբերի տարածաշրջանում: Թուրքիան իր խնդիրներն ունի: Հայկական սփյուռքը բավականին լուրջ ուժ է ոչ միայն Անդրկովկասում, այլ նաեւ Եվրոպայում: Թուրքիան նման ուժեղ դիրքեր չունի: Նա ոչ մի կերպ չի կարողանում մուտք գործել Եվրամիություն իր մահմեդական էության պատճառով: Սրել իրավիճակը արեւելքում, երբ արեւմուտքում ամեն ինչ չէ, որ լավ է Հունաստանի հետ եւ չեն թողնում ԵՄ, Անկարայի համար իմաստ չունի: Եթե զինված հակամարտություն սկսվի, Նախիջեւանում ոչինչ չի փոխվի: Ռեժիմը կփոխվի Բաքվում: Ընդդիմությունը վայրկենապես կօգտվի անկայունությունից: Ալիեւը կարող է կորցնել իշխանությունը»,-ընդգծել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահը, հաղորդում է «Նականունե.ռու»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---