Ֆրանսիայի հայ համայնքը ստեղծել է «Թաներ Աքչամի պաշտպանության կոմիտե»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայ համայնքը ստեղծել է «Թաներ Աքչամի պաշտպանության կոմիտե», որի նպատակն է պաշտպանել մտավորականին թուրքական հնարավոր հարձակումներից: Կոմիտեն նամակով դիմել է Ֆրանսիայի իշխանություններին եւ եվրոպական մի շարք կառույցների` նրանց ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, «որ աճում են Թաներ Աքչամին հասցեագրված սպառնալիքները` Հայոց ցեղասպանության իրողությունը փաստող իր ուսումնասիրությունների պատճառով»: Նամակում քննադատություն է ենթարկվում Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը: Մոտ մեկ ամիս առաջ Մինեսոտա համալսարանի պատմության բաժնի պրոֆեսոր Թաներ Աքչամը բացահայտել էր ավելի քան 30 տարի ԱՄՆ-ում Holdwater կեղծանունով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող եւ Թուրքիայի դիրքորոշումը քարոզող հեղինակի ինքնությունը: Դա կինոբեմադրիչ Մուրադ Գյումենն էր: Բացահայտումից հետո ավելացել են թուրք պատմաբանին հասցեագրված սպառնալիքները: Նույնիսկ թուրքական կայքէջերից մեկում հրապարակվել է «Մի՞թե սպանելու են նաեւ Թաներին» խորագրով անստորագիր մի հոդված: Հեղինակը ներկայացնում է թուրք պատմաբանի հետ կապված իր հուշերը, պատմում Աքչամի գործունեության մասին: Նա գրում է, որ Աքչամից ստացել է մի ինտերնետային նամակ, որում գրված է եղել հետեւյալ տողը. «Հրանտից հետո ինձ են հերթի դրել», հաղորդում է «Երկիրը»:



Հիշեցնենք, որ Թաներ Աքչամը 1977 թվականին ստիպված էր լքել Թուրքիան: 1988 թվականից նա ապրել է Գամբուրգում, Գերմանիա: 2002 թվականից հանդիսանում է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր: Աքչամը հանդիսանում է «Ստորացուցիչ քայլ. Հայոց ցեղասպանությունն ու թուրքական պատասխանատվության հարցը» գրքի հեղինակը, որը լայնորեն դրական ընդունելություն է ստացել ԱՄՆ-ում եւ մեծ ուշադրություն է գրավել հեղինակի եւ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---